ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

31.10.2014

Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան` ոլորտի խնդիրների վերհանման և զարգացման ուղղությունների նախանշման հարթակ

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի օրակարգային հարցերի թվում քննարկվել են «ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի` «ՀՀ համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1136-Ն ու 2010 թվականի ապրիլի 15-ի N 440-Ն  որոշումներն  ուժը կորցրած  ճանաչելու մասին» N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման ընթացքի վերաբերյալ հարցերը:
 Զեկուցող, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, կոլեգիայի անդամներին պարզաբանել է ՀՀ կառավարության N 814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմքերը, փաստելով, որ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ սահմանվել է միայն բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ներդրման ու կիրառման գործընթացը, իսկ հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նշված օբյեկտների ցանկը՝ դրանում ներառելով ոչ միայն բնակելի, այլ նաև հասարակական և արտադրական նշանակության օբյեկտներ: Խնդրի կարգավորման նպատակով վերը նշված որոշման մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ, միավորելով մեկ կարգում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների (այդ թվում՝ բնակելի հասարակական և արտադրական նշանակության) կիրառման և ներդրման գործընթացը կարգավորող ընթացակարգերը:

Գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի խնդիրը` օրակարգում
                 
 Անդրադառնալով օրակարգային երկրորդ` ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման վերաբերյալ հարցին, տիկին Ալավերդյանը նշել է, որ հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը, ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը վերջերս է հաստատվել: Նա նշել է, որ գլխավոր հատագծերի առումով մտահոգիչ է գյուղական համայնքների վիճակը` 872-ից միայն 30-ը գլխավոր հատակագծեր ունեն, տեղեկացնելով, որ տվյալ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը պատրաստվում է նոր օրենսդրական առաջարկություններ մշակել:
 ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նշել է, որ պետք է գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերին լրջորեն անդրադառնալ` հստակ դասակարգելով վերջիններս, այլապես, կառավարության որոշմամբ` ամեն 2 տարին մեկ հատակագիծ չունեցող համայնքների վրա տարածվում է առանց հատակագծի առկայության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու արգելանքը, և թույլտվության անհրաժեշտությունը. «Ելնելով ստեղծված իրավիճակից նպատակահարմար չէ ժամանակ առ ժամանակ սահմանված ժամկետի երկարաձգումը, ուստի անհրաժեշտ է հարցին լուծում տալ` սահմանելով որոշակի չափորոշիչներ` տվյալ համայնքում գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը որոշելու համար (դա կարող է պայամնավորված լինել հուշարձանների առկայությամբ, պատմական նշանակությամբ, սահմանամերձ լինելով և այլն)»:
 Համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու մյուս տարբերակը պետության կողմից նախագծերի պատվիրումն է, որոնք կներառեն որոշակի տարածաշրջանային միավորներ (ասենք` Դիլիջանի կամ Գորիսի տարածաշրջան և այլն)` և տարածքային հատակագծման միջոցով լուծելով գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդիրը:
 Հարցի վերաբերյալ ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է հրավիրել խորհրդակցություններ և նախապատրաստել առաջարկություններ` գյուղական համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու չափորոշիչների և մեխանիզմների վերաբերյալ:

«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը կներառի նաև կիսակառույցները

Նախարարին կից կոլեգիան դիտարկելով որպես ոլորտի կարևորագույն հարթակ, որի բոլոր անդամները իրազեկ պետք է լինեն նախարարության ռազմավարական նշանակության խնդիրներին և ոլորտի զարգացման ուղղություններին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում նախարարության կատարած աշխատանքներից մի քանիսը: Այդ շրջանակում նա անդրադարձել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներին` բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայագրերի մեխանիզմի կիրառմանը, տեղեկացրել, որ ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկումները, որի շրջանակում կներառվի նաև կենտրոնի կիսակառույցների հարցը, հայտնել է նաև, որ արդեն իսկ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառված է նախարարության 2015 թվականի գերակա խնդիրների ցանկում և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ և այլն: