ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

1. Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`

info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-11
Ֆաքս` +374 11 62-17-34

2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան

kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37
Հասցե` 0010, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

04.02.2019

Ավետիք Էլոյան. Ունեմ առաջարկ, որի մասին մտածում եմ

04.02.2019; https://www.mediamax.am/am/news/interviews/32127/

Հայաստանի կառավարությունը հունվարի 31-ի նիստում որոշեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Ավետիք Էլոյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. հունիսից։ Վերջին օրերին մամուլում տարբեր վարկածներ էին շրջանառվում, որոնք մեկնաբանելու համար Մեդիամաքսը դիմեց Ավետիք Էլոյանին:

- Երբ 2018թ. մայիսին Ձեզ հրավիրեցին զբաղեցնել Քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնը, ո՞րն էր այլ թեկնածուներից հենց Ձեզ ընտրելու հիմնավորումը:

- Երբեք չեմ հարցրել։ Կարող եմ միայն ասել, որ հեղափոխությունից հետո, երբ դեռ Սան Ֆրանցիսկոյում էի, զրուցել եմ նոր իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների հետ։ Վերջին երկու զրույցները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ էին։

- Ենթադրում եմ, որ պաշտոնը ստանձնելիս Դուք եւ կառավարության ղեկավարները որոշակի փոխադարձ պայմանավորվածություններ եք ստանձնել: Կարո՞ղ եք նշել դրանք:

- Մեծ հաշվով՝ ինձ համար հասկանալի էին առաջարկվող պայմանները։ Պարզ էր աշխատանքի ծավալը, աշխատավարձի չափը։ Պետք էր արագ կողմնորոշվել։ Նախ, ես պետք է արագ որոշում կայացնեի ԱՄՆ-ում իմ գործերի հետագա ճակատագիրը հասկանալու համար։ Նաեւ հասկանում էի, որ նոր կառավարությունը շատ արագ է շարժվում։

Չգիտեմ՝ կարելի՞ է դրանք «պայմաններ» անվանել, թե՞ ոչ, բայց ես երկու կարեւոր հարց էի հնչեցրել։ Առաջինը իմ լիակատար մասնագիտական անկախությունն էր, որը պահպանվել է ամբողջությամբ, ինչի համար շնորհակալ եմ կառավարությանը եւ հեղափոխության բերած փոփոխություններին:

Երկրորդն այն էր, որ պետք է որոշակի պարբերականությամբ հնարավորություն ունենամ այցելել ԱՄՆ, քանի դեռ չեմ լուծել ընտանիքիս՝ Երեւան վերադառնալու հարցը։ ԱՄՆ-ում են մնացել կինս ու երեք երեխաներս։

Բացի դրանից՝ երբ ստացա Հայաստան տեղափոխվելու առաջարկը, ԱՄՆ-ում ընթացիկ 17 ճարտարապետական նախագիծ ունեի՝ տարբեր փուլերում, որոնք պետք է ավարտեի եւ հանձնեի պատվիրատուներին։

Այս հարցում իմ դիրքորոշումը միանշանակ էր եւ հստակ էր ներկայացված։ Եթե ինձ ասեին, որ դա հնարավոր չէ, ես պարզապես առաջարկը չէի ընդունի։ Կարեւորում եմ այս փաստի բարձրաձայնումը՝  եթե կառավարությունը փորձելու է ներգրավել սփյուռքի ներկայացուցիչներին, պետք է պատրաստ լինի, որ արտերկրում ծնված կամ երկար տարիներ ապրած մասնագետները կարող են ունենալ խնդիրներ, որոնք պետք է հաշվի առնել։

- Մամուլում շրջանառվում է վարկած այն մասին, որ Ձեզ աշխատանքից ազատել են այն պատճառով, որ չեք ենթարկվել վարչապետի բանավոր հրահանգին՝ Ամանորի օրերին Հայաստանից չբացակայելու մասին:

- Ես վարկածներ մեկնաբանել չեմ կարող, փոխարենը կարող եմ փաստեր ներկայացնել։ Առաջինը՝ ԱՄՆ եմ մեկնել դեկտեմբերի 28-ին, եւ գտնվել եմ արձակուրդում, որի հրամանը ստորագրված էր վարչապետի կողմից։ Երկրորդը՝ ձեր հիշատակած բանավոր հրահանգի մասին տեղեկացված չեմ եղել։ Այդ մասին ինձ տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ դեկտեմբերի 30-ին, հեռախոսով։ Երբ տեղեկացա Հայաստան վերադառնալու պահանջի մասին, առաջին հերթին ստուգեցի ավիատոմսի գները։ Պարզվեց, որ բացի նրանից, որ կորցնելու եմ վերադարձի տոմսը, նոր տոմս ձեռք բերելու համար պետք է վճարեմ մոտ 4 600 դոլար, որի հնարավորությունը չունեի:

Առաջին հնարավոր թռիչքն էլ կարող էր լինել միայն հունվարի 5-ին: Հասկանալով, որ այդ պահին վերադառնալը հնարավոր չէ, նամակ գրեցի վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ բացատրելով վերադարձի հետ կապված դժվարությունները: Նաեւ խնդրեցի նամակը փոխանցել վարչապետին։

- Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այդ հրահանգը:

- Վարչապետը երկրի ղեկավարն է եւ ունի իր մոտեցումները ու, հնարավոր է, մեզ համար անհայտ շարժառիթներ։ Բնականաբար, հասկանալի է, որ երկիրը ղեկավարելով այս աստիճան բարդ ժամանակահատվածում՝ կարող է կտրուկ քայլերի անհրաժեշտություն լինել: Նաեւ չեմ բացառում, որ ստեղծված իրավիճակը, երբ հրահանգի մասին տեղեկացվել եմ այդքան ուշ, երբ արդեն ԱՄՆ-ում էի, կարող է բյուրոկրատական համակարգի ինչ-որ օղակների թերի կոորդինացման հետեւանք լինել:

Սակայն ուզում եմ շեշտել, որ գնացել էի ոչ թե ճանապարհորդելու, այլ տեսակցելու ընտանիքիս, որին չէի տեսել մի քանի ամիս: Ինչպես արդեն ասացի՝ հստակ պայմանավորվածություն ունեի այն մասին, որ պետք է երբեմն մեկնեմ ԱՄՆ, եւ, բնականաբար, այլ կերպ կվարվեի, եթե արձակուրդի հրամանը ստորագրված չլիներ վարչապետի կողմից։

Խնդրին ավելի լայն նայենք։ Եթե սփյուռքից մասնագետներ հրավիրելու քաղաքականությունը շարունակական է լինելու, պետք է հաշվի առնել, որ շատերը իմ պես գալու են առանց ընտանիքի ու փորձելու են հարմարվել եւ իրենց տեղը գտնել հասարակության մեջ։ Կարծում եմ, որ պետք է ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, որոնք միանգամից փոխում են իրենց տասնամյակների կենցաղը եւ գալիս են Հայաստան՝ առանց որեւէ նյութական շահի։ Նրանք պետք է զգան պետության աջակցությունը:

- Վարչապետը երբեւէ դժգոհություն հայտնե՞լ է Ձեր աշխատանքից:

- Որեւէ դժգոհության մասին ես տեղեկություն չունեմ։ Միշտ եղել են շատ նորմալ աշխատանքային հարաբերություններ։ Դեկտեմբերի սկզբին ես եւ Երեւանի գլխավոր ճարտարապետը շատ արդյունավետ հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ՝ կառավարության կառուցվածքի եւ այլ մասնագիտական հարցերի շուրջ։ Միանշանակ, դրական հանդիպում էր։

- ԱՄՆ-ից վերադառնալուց հետո փորձե՞լ եք հանդիպել վարչապետի հետ:

- Այո, բազմաթիվ փորձեր եմ ձեռնարկել։ Սկզբից դրանք անարդյունք էին, հետո ինձ տեղեկացրեցին, որ վարչապետն ինձ կընդունի հունվարի 24-ին, սակայն հանդիպումը չկայացավ վարչապետի ծանրաբեռնվածության պատճառով։ Նախատեսվում էր, որ պետք է հանդիպենք հունվարի 24-ից մի քանի օր հետո։

- Ի՞նչով եք նախատեսում զբաղվել:

- Հիմա հանգստանում եմ, դահուկ քշում ու մտածում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ինձ առաջարկել է միանալ իր գրասենյակին՝ որպես քաղաքաշինության եւ ներդրումների գծով խորհրդական։ Դեռեւս որոշում չունեմ, բայց առաջարկը մասնագիտական առումով շատ հետաքրքիր է։ Բացի դրանից, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ լինելով՝ նախաձեռնել եմ բազմաթիվ նախագծեր, որոնք չի կարելի անավարտ թողնել եւ պետք է կյանքի կոչել։

Վերջնական որոշում կկայացնեմ առաջիկայում՝ կառավարության եւ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո։

- Ասացիք, որ դեկտեմբերին վարչապետի հետ կայացած հանդիպմանը խոսել եք կառավարության կառուցվածքի մասին։ Վերջերս հրապարակում եղավ այն մասին, որ քննարկվում է Քաղաքաշինության եւ Կադաստրի պետական կոմիտեները միացնելու հարցը: Արդյո՞ք Ձեր պաշտոնավարման ժամանակ նման գաղափար քննարկվել է:

- Դա ծայրաստիճան անհեթեթ գաղափար է, եւ այն Քաղաքաշինության կոմիտեի հետ երբեւէ չի քննարկվել։ Նախ եւ առաջ, այդ կառույցները տարբեր գործառույթներ ունեն: Բացի դրանից, ակնհայտ է, որ նման միացումը միանգամից կառաջացնի կոռուպցիոն ռիսկեր։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող է հողի նշանակությունը հաստատող եւ փոփոխող մարմինը (Քաղաքաշինության կոմիտեն) միացվել այդ հողը գրանցող մարմնի հետ։ Կան շատ այլ ռիսկեր, որոնք, վստահ եմ, կառավարության ղեկավարները քաջ գիտակցում են։