Հաշվառված ընտանիքները թերանում են փաստաթղթերի համալրման հարցում
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 20-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաեւ Շիրակի մարզի Շիրակ, Ջաջուռ, Քեթի, Ջրաձոր, Բասեն, Մայիսյան գյուղական համայնքների ղեկավարները:
Նիստի ընթացքում քննարկվեց Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում ինչպես նաեւ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները: Քննարկումների արդյունքում շինարարական ծրագրի շահառու ճանաչվեց 35 ընտանիք:
Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով հաշվառված 94 ընտանիքների փաստաթղթային փաթեթների համալրման հարցը: Նշվեց, որ թեպետ նշյալ ընտանիքները իրազեկված են դեռեւս այս տարվա սկզբից (եւ պարբերաբար էլ իրազեկվում են), սակայն մինչ օրս թերանում են փասթաթղթերի ներկայացման հարցում: Ընդ որում, ընտանիքների գերակշիռ մասն առհասարակ փաստաթուղթ չի ներկայացրել: Սա էապես խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքին` նշյալ ընտանիքներին տվյալ ծրագրի շահառու ճանաչելու հարցում: Հանձնաժողովը որոշեց եւս մեկ անգամ իրազեկել այդ ընտանիքներին եւ նշանակել տասնօրյա վերջանական ժամկետ: