Կմշակվի Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգ
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 4-5-ը Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել է Արցախի Հանրապետություն` քննարկելու քաղաքաշինական խնդիրներ:
ԼՂՀ նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին և պատվիրակության անդամներին, վստահություն է հայտնել, որ հանդիպումը կնպաստի Հայաստան-Արցախ` քաղաքաշինական արդյունավետ համագործակցություն ձևավորելուն, միաժամանակ շեշտելով. <<Ակնկալում եմ, որ ձեր մասնակցությունը լինելու է ոչ միայն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի վերանայման, այլ ընդհանրապես`նոր որակի քաղաքականություն իրականացնելու միջոցով` երկուստեք լուրջ համագործակցություն ծավալելու հնարավորությունների ստեղծման համատեքստում>>:
Իր խոսքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ` առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանում կայացած խորհրդակցությանը, որի շրջանակում արդեն իսկ ուրվագծվել է համագործակցության հիմնական սկզբունքները ներառող ճանապարհային քարտեզը: Այս առումով նախարար Սարգսյանը հատուկ կարևորել է Հայաստան- Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակումը: <<Պայմանավորվել ենք ԼՂՀ քաղշիննախարարի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, որն իր մեջ կներառի 2 կառուցվածքների ակտիվ մասնակցություն բոլոր ուղղություններով: Պատրաստ ենք նաև քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի, գոտևորման նախագծերի իրականացման հարցում լուրջ աջակցություն տրամադրել Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակման սկիզբը դնելով>>:
Հայաստանի քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև Արցախի մայրաքաղաքի կենտրոնի վերաբերյալ մասնագիտական մրցույթ կազմակերպելու` ԼՂՀ նախագահի կողմից ավելի վաղ արված առաջարկությանը, ուր ներգրավված կլինեն ՀՀ և ԼՂՀ լավագույն ուժերը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, <<Հայնախագիծ>> ինստիտուտի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ԼՂՀ <<Ճարտնախագիծ>> ընկերության տնօրեն, ճարտարապետ Մամիկոն Ֆարսյանը, <<Հայնախագիծ>> ՓԲԸ արվեստանոցների ներկայացուցիչները: