Նունե Պետրոսյանը մասնակցել է վրացական ազգային քաղաքաշինական երկրորդ համաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Վրաստանի Ստեփանծմինդա քաղաքում մասնակցել է վրացական ազգային քաղաքաշինական երկրորդ համաժողովին, որը կազմակերպվել է Վրաստանի տարածական և քաղաքաշինական զարգացման գործակալության կողմից՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-Habitat) աջակցությամբ։
«Բարձր լեռնային բնակավայրերի զարգացում. տարածական և քաղաքաշինական պլանավորման կարևորությունը» խորագրով համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Նունե Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի բնակավայրերի համաչափ զարգացման հնարավորությունների վրա աշխարհագրական միջավայրի ազդեցությունը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել այդ գործում միջազգային համագործակցության կարևորությանը։
Համաժողովին մասնակցել են «UN-Habitat»-ի անդամ պետությունների, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի պետությունների ներկայացուցիչներ։

Փորձագետները ներկայացրել են ինչպես լեռնային տարածաշրջանների և բնակավայրերի խնդիրները, այնպես էլ տարածքների և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմամբ գյուղատնտեսությանը զուգահեռ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները։ Կարևորվել է ենթակառուցվածքների զարգացումն ու գոյություն ունեցող շենքերի հարմարվողական վերաօգտագործմամբ ժառանգության պահպանումը։
Ուշադրություն է դարձվել նաև լեռնային տարածաշրջաններին հատուկ բնական աղետներին դիմակայունությանը՝ բնակավայրերի զարգացումն իրականացնելու առավել անվտանգ հատվածներում և կառուցապատման նպատակով տարածքների նկատմամբ հատակագծային սահմանափակումների ամրագրմամբ։ Դիտարկվել է տարբեր երկրների փորձը՝ լեռնային տարածաշրջանների խնդիրները բացահայտելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։