Եղիազար Վարդանյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի՝ 2024թ. բյուջետային հատկացումների կատարման մասին հաշվետվությունը
2024 թվականին Քաղաքաշինության կոմիտեն հատկացված բյուջետային միջոցների շրջանակում 1 ծրագրի և 9 միջոցառումների իրականացման նպատակով փաստացի ծախսել է 16,9 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ՝ Քաղաքաշինության կոմիտեի մասով ֆինանսավորվել է ընդհանուր 5,1 մլրդ դրամ։ Ծրագրային հիմնական ուղղություններից են եղել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումն ու տեղայնացումը։ 26 փաստաթղթի մշակման համար հատկացվել է 273,1 մլն դրամ, որը կատարվել է 81,4%-ով: Թերիրացումը պայմանավորված է մի կողմից՝ գնման գործընթացի արդյունքում առաջացած 34,3 մլն դրամի չափով տնտեսմամբ, մյուս կողմից՝ 3 նորմի մշակման համար բյուջետավորված 16.7 մլն դրամի իրացումը 2025թ. նախատեսելով: «2025թ.-ից տարեկան 20-26 ազգային նորմերի մշակումից բացի նախատեսել ենք իրականացնել յուրաքանչյուր տարի 5-10 եվրոպական նորմի մոտարկում, տեղայնացում, ինչի ֆինանսավորումն արդեն հատկացվել է»,- նշել է Եղիազար Վարդանյանը։
Շենքերի և շինությունների մատչելիության և անձնագրավորման ծախսերի համար հատկացվել է 75 մլն դրամ, ինչը գնման գործընթացի արդյունքում տնտեսվել է 49,8 մլն դրամի չափով։ Հետազննվել և անձնագրավորվել են 25 օբյեկտների շենքեր և շինություններ՝ Երևանի 12 վարչական շրջանների, մարզպետարանների 10 և քաղաքապետարանների 3 վարչական շենքեր:
Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար հատկացված 298,5 մլն դրամն իրացվել է ամբողջությամբ: «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն ՀՀ բոլոր բնակավայրերն ունեն իրենց գլխավոր հատակագծերը՝ բացառությամբ երկուսի, որոնք հաստատման փուլում են»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը։
Շինարարական ծրագրային ծախսերի համար հատկացվել է 1,9 մլրդ դրամ, որը կատարվել է 921մլն դրամով կամ 48%-ով։ Մասնավորապես՝ ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, տնտեսվել է 14,7 մլն դրամ։ Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները գնման գործընթացի արդյունքում մեկնարկել են օգոստոսին, ուստի նախատեսված 1,6 մլրդ դրամից կատարվել է 609 մլն դրամը կամ 38,2%-ը: Իրականացվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների ընդհանուր 6.861,5քմ մակերեսով տանիքների վերանորոգումը, որի համար նախատեսված 202,2մլն դրամն իրացվել է ամբողջությամբ։
Կոմիտեի պահպանման ծախսերը հատկացված 1,1 մլրդ դրամի դիմաց կատարվել են 99,1%-ով: Թերիրացումը հիմնականում պայմանավորված է գնման գործընթացի արդյունքում առաջացած տնտեսումով:
Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև 2024թ. առանցքային ուղղություններից կառուցապատման թույլտվությունների առցանց տրամադրմանը, որն իրականացվում է urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ ՀՀ 4 մարզերի համար այն գործարկվել է 2024թ. օգոստոսի 1-ից, իսկ մյուս մարզերի համար՝ 2025թ. հունվարի 1-ից։ Հարթակի միջոցով ապահովվում է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի թափանցիկությունը, դիմումների հետագծելիությունը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում մշտադիտարկել և վերլուծել գործընթացի բոլոր մասնակիցների աշխատանքը։
Եղիազար Վարդանյանը կարևորել է նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված գետերի վարարումների հետևանքների վերացման աշխատանքները՝ նշելով, որ կոմիտեի մասնագիտական ուժերով իրականացվել է 280 բնակելի տների, շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննում։
Կոմիտեի ղեկավարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում.