Ամփոփվել են ՄԱԶԾ-ի էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ծրագրի արդյունքները
Ավարտվել է Հայաստանում էներգաարդյունավետության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ շուրջ մեկ տասնամյակ իրականացված նախաձեռնությունը։
Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ գործընկերությամբ իրականացված «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փակման միջոցառմանը հրավիրված էին պետական կառույցների և միջազգային կազմարեպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում էներգաարդյունավետության հեռանկարների վերաբերյալ պանելային քննարկմանը։ Նա կարևորել է էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ կատարված աշխատանքները։ Մասնավորապես՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի պատող կոնստուկցիաների ջերմամեկուսացման տեխնիկական լուծումներ» խորհրդատվական ձեռնարկը։ ՄԱԶԾ-ն համաֆինանսավորել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ վերակառուցվող 17 շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները։ Համաֆինանսավորում է նախատեսված վերանորոգվող ևս 18 դպրոցի պարագայում։ Բացի այդ մշակվել և արդիականացվել են քաղաքաշինական մի շարք նորմեր։ Համագործակցություն է եղել նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի մշակման շրջանակում։

Պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում ջերմամեկուսացվել է ավելի քան 470 շենք, ապահովվել է 20–60% էներգախնայողություն, կրճատվել են կոմունալ ծախսերը, և ամրապնդվել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարմանը։


