Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը
Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ասոցիացիայի անդամները և կոմիտեի ներկայացուցիչները։
Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ առաջարկվող տարբերակի առանցքային նպատակն է լուծել քաղաքաշինական ծրագրերի որակի կառավարման և պլանավորման խնդիրները։ «Ընդհանուր գաղափարը՝ պարզ նկարագրությամբ, այն է, որ մասնավորը կառուցի համապատասխան շենքեր, շինություններ և երկարաժամկետ կտրվածքով իրականացնի դրանց պահպանումը, իսկ պետությունը, ըստ էության, վարձակալի՝ որպես դպրոց շահագործելու համար։ Մասնավորը շահագրգռված կլինի ապահովել որոկյալ շինարարություն՝ հետագա պահպանման համար անհրաժեշտ ծախսը նվազագույնի հասցնելու համար»,-ներկայացրել է կոմիտեի ղեկավարը։
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դիտարկվում է միջազգային կազմակերպությունների խորհրդատվական ու ֆինանսական աջակցությամբ համագործակցության առավել արդյունավետ մոդելի և մրցութային ընթացակարգի մշակման հնարավորությունը։ Նա կարևորել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին հուզող բոլոր հարցերի վերհանումը՝ միջազգային փորձագետների հետ համատեղ գործուն մեխանիզմներ մշակելու, հնարավոր ռիսկերը կանխատեսելու և որակյալ արդյունք ապահովող, փոխշահավետ համակարգ ունենալու համար։
Քննարկվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ֆինանսավորման մեխանիզմների, յուրաքանչյուր կողմի պատասխանատվության շրջանակի հստակեցման վերաբերյալ և մի խումբ այլ հարցեր: