Կայացել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքը
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է մարզադպրոցի հիմքերում։

Վարչապետը դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշել է, որ այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ շենքը բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։

Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։ Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի։
Ավելին` https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/04/25/Nikol-Pashinyan-Malkhas-Roman-Amoyan/








