Մշակվել է կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման համալիր ծրագիր
Առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող կամուրջների վերակառուցման և հիմնանորոգման համալիր ծրագիր, որի վերաբերյալ նախագիծը մշակել է Քաղաքաշինության կոմիտեն՝ համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհների և երկաթուղիների վրա գտնվող կամրջային կառուցվածքների ցանկերը, դրանց վերակառուցման (կամ հիմնանորոգման) ծրագիրը ու կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը։

Ծրագիրն իրականացվելու է փուլային սկզբունքով։ 2026թ. արդեն մեկնարկել է նորմատիվային փաստաթղթերի մշակման գործընթացը։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ նաև մշակվել են մետաղական կամուրջի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը, որոնք ներկայումս պետական համալիր փորձաքննության փուլում են։ Տարբեր տեսակների կամուրջների տիպային նախագծերի մշակումը շարունակվելու է։
Առաջին փուլում իրականացվելու է նաև կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննում և անձնագրավորում, ստեղծվելու են մշտադիտարկման և միասնական տեղեկատվական համակարգեր։ Մշակվելու են երկաթուղային կամուրջների և ավտոմբիլային ճանապարհների վրա գտնվող կամուրջների շահագործման կանոններ, որոնք հնարավորություն կտան ճիշտ շահագործման շնորհիվ երկարացնել կամուրջների կյանքի տևողությունը։
Երկրորդ փուլում նախատեսվում է ծրագրով ամրագրված չափորոշիչների համաձայն առանձնացնել առաջնահերթ վերակառուցման (կամ հիմնանորոգման) ենթակա կամուրջների ցանկը, հաշվարկել խոշորացված ծախսերը, ֆինանսավորման աղբյուրները և մշակել նախագծեր։ Երրորդ փուլում նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները։
Նախորդ տարի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ հանրապետության տարածքում, բացի Երևանից, վերհանվել են ավտոճանապարհային 1056 և երկաթուղային 605 կամրջային կառուցվածքներ։ «Դրանց գերակշիռ մասը շահագործման ողջ ընթացքում լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել, փոխվել է միայն ճանապարհային ծածկույթը։ Բացի այդ, վերջին 100 տարիների ընթացքում կամուրջների բեռնվածքը մոտ 5 անգամ ավելացել է. ավելի փոքր բեռնունակությամբ նախագծված և կառուցված կամուրջներն այսօր կրում են ավելի մեծ հզորությամբ և բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների ծանրությունը»,-ընդգծում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ սեյսմիկ ռիսկի գնահատականը 1988 երկրաշարժից հետո փոխվել է, և մինչ այդ կառուցված կամուրջները չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Դավիթ Գրիգորյանի բնորոշմամբ՝ այս ծրագրով մատնանշվում են գոյություն ունեցող կամուրջների առնչությամբ պետության քաղաքականությունը և առաջիկա տարիների անելիքները։
Տեսանյութ՝