Նունե Պետրոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի 25-ամյակին նվիրված համաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն Իտալիայի Հանրապետության Ֆլորենցիա քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի 25-ամյակին նվիրված նախարարական ոչ պաշտոնական համաժողովին։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել կոնվենցիայի դրույթների կատարմանը, արձանագրված ձեռքբերումներին և մարտահրավերներին։ Ներկայացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի տեղեկատվական համակարգը, ինչպես նաև քննարկվել է 2026-2027թթ. աշխատանքային ծրագիրը:

Նունե Պետրոսյանը նկարագրել է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթները լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացում, ինչպես նաև Կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված աշխատանքները։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեի համակարգմամբ մշակվել են Հայաստանի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, որոնք կարևոր դեր ունեն ՀՀ քաղաքաշինական պլանավորման և զարգացման գործընթացում, իսկ առաջիկայում մշակվելու է Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագիծը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն իր ելույթում նշել է, որ կոմիտեն Լանդշաֆտի կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտադիմում է ներկայացրել՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների հետ համագործակցությամբ ներկայացնելու Հայաստանում լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման ուղղությամբ կատարված լավագույն ծրագիրը։

Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի 25-ամյակին նվիրված համաժողովի արդյունքում մասնակից պետությունների կողմից ընդունվել է շրջակա միջավայրի պահպանման նպատակով բազմակողմ համագործակցությունը խթանող, ռազմավարական տեսլականն ուրվագծող, Կոնվենցիայի արդյունավետ իրականացումը և ազգային քաղաքականության մշակման գործընթացում դրա ինտեգրումն ամրապնդող ու խթանող հռչակագիր և Լանդշաֆտի զեկույցի նախագիծ։