Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ուսանողներին ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մի խումբ երիտասարդների ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» սեմինարի շրջանակում նա ուսանողներին բացատրել է պետական ծրագրերի դեպքում կառուցապատման գործընթացի փուլերը, բոլոր մասնակիցների գործառույթները և այն մեխանիզմները, որոնք ներդրվում են քաղաքաշինական գործունեության ոլորտներում որակի նշաձողը բարձրացնելու ուղղությամբ։
Ծրագրերի որակյալ իրականացումն ապահովելու գործում կոմիտեի նախագահը կարևորել է հանրային վերահսկողությունը, որի համար ֆինանսների նախարարության կողմից ստեղծվել են գնումների գործընթացում հասարակական կազմակերպություններին և այլ ցանկացողներին ներգրավելու մեխանիզմներ։ Նա հորդորել է երիտասարդներին ակտիվ լինել ստեղծված գործիքակազմն օգտագործելիս և ուշադիր լինել իրենց շուրջ ընթացող շինարարության նկատմամբ. «Կոմիտեն պատրաստ է աջակցել ձեզ ոլորտային գիտելիքների փոխանցման, վերապատրաստման ծրագրերի իրականացման եղանակով, որպեսզի շինհրապարակ մտնելիս պատկերացում կազմեք կատարված աշխատանքների մասին»։
Երիտասարդները կոմիտեի ղեկավարի հետ ակտիվ քննարկել են քաղաքաշինական նորմերի, կառուցապատման տեմպերի, բնակարանաշինության և այլ թեմաներ։ Նրանք նաև հետաքրքրվել են կոմիտում փորձառություն անցնելու հնարավորությամբ։
Եղիազար Վարդանյանը ողջունել է երիտասարդների հետաքրքրվածությունը քաղաքաշինական խնդիրների լուծմամբ և նշել, որ կոմիտեն բաց է երիտասարդներին ներգրավելու, նրանց մասնագիտական ներուժն արդյունավետ օգտագործելու հարցում։