Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է urban.e-gov.am հարթակում ջրօգտագործողների ընկերությունների ընդգրկման հարցը
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ջրային կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում ջրօգտագործողների ընկերությունների ներգրավման, նրանց կողմից սպասարկվող ջրային կառույցներին առնչվող համաձայնեցումների տրամադրման վերաբերյալ հարցեր։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը ներկայացրել են գործող ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Նրանք առանձնահատուկ կարևորել են սահմանված ժամկետների պահպանումը՝ տեղեկացնելով այդ նպատակով հարթակում ներդրված ինքնաշխատ գործիքների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև ՋՕԸ-ների կողմից քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ծագող խնդիրներին և դրանց լուծման անհրաժեշտությանը։ Կոմիտեի և հարթակը սպասարկող ընկերության մասնագետները պատասխանել են ՋՕԸ-ների ներկայացուցիչների հարցերին, պատրաստակամություն հայտնել աջակցելու հարթակից օգտվող մասնագետներին՝ նրանց համար կազմակերպելով նաև վերապատրաստման դասընթացներ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։