Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով երկրորդ աշխատաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին:

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովի շրջանակում կոմիտեի նախագահը՝ որպես պանելային քննարկման բանախոս, ներկայացրել է քաղաքաշինության ոլորտի զարգացման միտումները, մարտահրավերները և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված քայլերը։
Աշխատաժողովի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատաժողովի նպատակը Հայաստանի հանրային և մասնավոր հատվածների միջև կառուցողական և հաշվետու համագործակցության ամրապնդումն է՝ հիմք ընդունելով նախապես հավաքագրված ու քննարկված ոլորտային խնդիրները և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ ներկայացված առաջարկները։ Աշխատաժողովին մասնակցել են Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների, գործարար համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակում կայացել են գործարար համայնքի բարձրացրած խնդիրներն արտացոլող երեք թեմատիկ ուղղություններով քննարկումներ՝ ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններ, կարգավորումների և վարչարարության կանխատեսելիություն, հաշվետու և մասնակցային կառավարում:


