Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է «TOON EXPO. INVEST 2026» ցուցահանդեսին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «TOON EXPO. INVEST 2026» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսի բացմանը։ Շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ նա նշել է, որ ցուցահանդեսը լավ հնարավորություն է՝ դիտարկելու կառուցապատման միտումները։

Կոմիտեի նախագահն արձանագրել է, որ կառուցապատման աշխարհագրությունը փոխվում է. Երևանին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև մարզերում, ինչի մասին փաստում են կոմիտեի ներդրած կառուցապատման թույլտվությունների թվային հարթակի տվյալները։

«Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ պարզեցնելու, հստակեցնելու և կանոնակարգելու քաղաքաշինական ընթացակարգերը, վերացնելու օրենսդրական բացերն ու ոլորտում գործունեություն իրականացնելու խոչընդոտները։ Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում, ինչը կապահովի կառուցապատում սկսելու առաջին փուլից մինչև վերջին փուլի հետագծելիությունը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։
Նա կարևորել է նաև տարբեր երկրներից ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնող կառուցապատողների և արտերկրի անշարժ գույքի շուկաների առաջարկները ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելու հնարավորությունը։

Երևանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Այնուհետև հյուրերը շրջել են տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին ներկայացված ընկերություններին և նրանց ծրագրերին։