Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է մարզական կառույցների շինարարության ընթացքին
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող մարզական կառույցների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նա դիտարկել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները։
Մասնավորապես՝ կառուցվել են գեղարվեստական մարմնամարզության և հեծանվային սպորտի համար նախատեսված մասնաշենքերը, ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները:
Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ Եղիազար Վարդանյանը քննարկել է վազքուղու կառուցման և բարեկարգման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերը, հողահատկացման խնդիրները, ուսումնասիրել առաջարկվող լուծման տարբերակներն ու դիտարկել լրացուցիչ վերնանցում կառուցելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ մարզադպրոցի պարագծով տեղակայվելու է հեծանվային վազքուղին:
Հաջորդ կանգառը եղել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում է մարզադահլիճների վերակառուցման ծրագիրը։
Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ Եղիազար Վարդանյանը հետևել է ըմբշամարտի մասնաշենքում ընթացող աշխատանքներին, քննարկել գոյություն ունեցող շենքի միջհարկային ծածկերի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննության արդյունքում առաջարկվող լուծումները։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հետամուտ լինել նախանշված ուղղություններով աշխատանքերի իրականացմանը՝ նախագծային լուծումների մշակմանը զուգահեռ շարունակելով շինարարության բնականոն ընթացքը։
Շրջայցի մասնակիցները դիտարկել են նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքը, որի կառուցումը ևս իրականացվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։