Շիրակի մարզում վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերին
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արթիկում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 793 մլն դրամ է:
Վարչապետին ներկայացվել է նաև Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող Բերդաշենի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար։
Աշխատանքային այցի շրջանակում Վարչապետը ծանոթացել է նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին և առկա խնդիրներին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 6 մլրդ 796 մլն դրամ է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ ծրագրի արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր սպորտային համալիր, որը ներառում է սպորտային, ինչպես նաև լողավազանի և հյուրանոցի մասնաշենքեր: Վարչապետը պատասխանատուներին տվել է հանձնարարականներ՝ առկա խնդիրների լուծման, շինաշխատանքների որակյալ և ժամանակին իրականացման վերաբերյալ:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/10/18/Nikol-Pashinyan-visit-to-Shirak/