Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու կառուցման վերաբերյալ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։

Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ Մասնագետները ներկայացրել են առավել արդյունավետ լուծման տարբերակներ, որոնք հնարավորություն կտան հնարավորինս պահպանել տարածքում գործող տնտեսվարողների գույքը, միաժամանակ իրագործել ճեմուղու կառուցման ծրագիրը՝ նախատեսելով տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված կոնստրուկտիվ լուծումներ։

«Ճեմուղու կառուցումը, որտեղ նախատեսվում է նաև հեծանվային ուղի, կարևոր նշանակություն կունենա տարածքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման համար»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Հանդիպման արդյունքում որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել՝ դիտարկելով նաև միջազգային փորձը, ինչպես նաև առաջիկայում մասնագետների խմբի հետ շրջայց կատարել տարածքում և վերջնական տեսքի բերել նախագիծը։

