Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են աշխարհահռչակ «BIG» ճարտարապետական ընկերության պատվիրակությանը
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են աշխարհահռչակ «BIG» («Bjarke Ingels Group») ճարտարապետական կազմակերպության և «Այբ» դպրոցի ու հիմնադրամի պատվիրակությանը։ Նախատեսվում է «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցել նոր մասնաշենք, ուստի ծրագրի մեկնարկային փուլում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի լիազոր մարմինների հետ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ողջունել է քաղաքային տարածքներ փոխակերպող, նորարարական ճարտարապետական լավագույն ընկերություններից մեկի մուտքը Հայաստան՝ ընդգծելով, որ կոմիտեն պատրաստակամ է աջակցել նախագծի իրականացման տարբեր փուլերում քաղաքաշինական ընթացակարգերի և նորմերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման, մասնագիտական քննարկումների կազմակերպման հարցում։

«Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նախագծի իրականացումը Հայաստանի համար կարող է այցեքարտ դառնալ թե´ համաշխարհային կրթության, թե´ ճարտարապետության ոլորտներում, քանի որ մասնաշենքը կառուցվելու է կրթության կազմակերպման յուրահատուկ ձևաչափի փիլիսոփայությանը համահունչ։ Ակնկալվում է, որ ծրագրի իրագործմամբ ավելի շատ երեխաների հնարավորություն կընձեռվի բարերարների աջակցությամբ սովորել ավագ դպրոցում․ այսօր ավագ դպրոցում աշակերտների շուրջ 70%–ը սովորում է բարերարների աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է էսքիզային նախագիծը, քննարկվել են հայեցակարգի հիմքում դրված առանցքային սկզբունքները, տեղական առանձնահատկությունների և կանաչ տարածքների ինտեգրմամբ առաջարկվող ճարտարապետական լուծումները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի հայաստանյան գործընկերները՝ «Հենդերսոն Հայաստան» ընկերության, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի և «Պրոդեկո» կազմակերպության ներկայացուցիչները։

