Վարչապետը ծանոթացել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր կատարած այցի ժամանակ ծանոթացել է իրականացված և ընթացիկ ծրագրերին: Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի «Մոդուլային» տիպի 144-տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որը կառուցվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 929 մլն դրամ է։

Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ կառավարության հատկացրած միջոցներով ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մոդուլային նոր դպրոց և նախակրթարան՝ 20-տեղ հզորությամբ։ Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 880 մլն դրամ։


Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ջիլի դպրոցի աշխատանքի մեկնարկի առթիվ, ուրախությամբ արձանագրել, որ շուտով ճանապարհի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն:


Պաշտոնյաները Լոռու մարզում մասնակցել են նաև Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:



Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ): Դպրոցի գույքը հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար: 2025թ. դրությամբփաստացի սովորողների թիվը 114 է։



