Պաշտոնական

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազիֆիկացման և սեփականության իրավունքի փոխանցման հարցերի վերաբերյալ

21.07.2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի գազիֆիկացման և սեփականության իրավունքի փոխանցման հարցերի վերաբերյալ

Հարգելի´ հանրային ծառայողներ,

«Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի կառուցապատողի կողմից ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար վճարում կատարելու պահանջի վերաբերյալ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն օրերս կայացրել է որոշում, որի համաձայն կառուցապատողը պետք է անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովի բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնի արդեն իսկ գանձված գումարները։ Հանձնաժողովը նաև գրությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտե՝ Գրիբոյեդովի N 48 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքային համալիրից 1-ին փուլի շրջանակում բնակարան ձեռք բերած հանրային ծառայողների տվյալները տրամադրելու նպատակով, որին կոմիտեն պատրաստակամորեն արձագանքել է։

Հաշվի առնելով հանձնաժողովի որոշումը և վերջինիս կատարման նկատմամբ հանձնաժողովի վերահսկողության իրականացումը՝ խնդրի քննարկման այլ ձևաչափերի անհրաժեշտություն ներկայումս չկա։ Խնդրի հանգուցալուծման համար առաջնորդող է հանձնաժողովի որոշումը։

Իր կողմից Քաղաքաշինության կոմիտեն, ինչպես գիտեք, հուլիսի 1-ին «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ին ուղղված գրությամբ և հրապարակային հայտարարությամբ ևս անընդունելի էր համարել լրացուցիչ վճարի պահանջը շահառուներին։

Հաշվի առնելով հանրային ծառայողների բազմաթիվ դիմումները շահառուների հետ պայմանագրերի կնքման ժամկետների վերաբերյալ՝ հայտնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն հուլիսի 6-ին Կառուցապատողին է տրամադրել Գրիբոյեդովի N 48 հասցեում իրականացվող՝ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում սեփականության իրավունքի փոխանցման ակտի նախագծի վերջնական խմբագրությունը, որով հստակեցվել է, որ շահառուները կրում են միայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2206-Ն որոշմամբ, գնման իրավունքի պայմանագրերով և փոխանցման ակտով ուղղակիորեն նախատեսված վճարային պարտավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեն ակնկալում է, որ կառուցապատողը հնարավորինս սեղմ ժամկետում կկազմակերպի փոխանցման ակտերի կնքման գործընթացը՝ փոխանցման ակտի նախագծի վերջնական խմբագրության հիման վրա։ Կոմիտեն կարևորում է գործընթացի հնարավորինս արագ և իրավաչափ ավարտը՝ նույն մոտեցումն ակնկալելով կառուցապատողից։