Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը

20.04.2026
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը

Ապրիլի 20-ին տեղի է ունեցելաշխարհահռչակ բռնցկամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։

Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկների արժևորմանը, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։

Տեսանյութ՝

Ավելին՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/04/20/Nikol-Pashinyan-Artur-Abraham/