Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի և Շիրակի մարզեր կատարած այցի ընթացքում ծանոթացել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված ծրագրերին:
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը և իրականացվել է տարածքի բարեկարգում։
Ալագյազ համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալագյազ բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի նորակառույց շենքի շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 912 մլն 767 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 11 մլն 559 հազար դրամ, մյուս մասը հատկացրել է Կառավարությունը։ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մեկհարկանի 1290 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենք, բարեկարգվել է բակը, տեղադրվել է 21 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։