Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները մասնակցել են «TOON EXPO 2023» ցուցահանդեսի բացմանը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել են «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Դավիթ Գրիգորյանը կարևորել է կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող շինարարության մեծ ծավալները և դրանցում բնակարանաշինական ծրագրերի մասնաբաժինը: Նա հատկանշական է համարել արտասահմանյան կազմակերպությունների աճող հետաքրքրությունը Հայաստանի կառուցապատման ոլորտի հանդեպ. «Սա գերազանց հնարավորություն է գործարար նոր կապերի հաստատման համար, ինչպես նաև կարևորագույն խթան է ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած գործարար միջավայրի բարելավման ծրագրերի իրականացման համար»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Ցուցահանդեսի հյուրերը շրջել են տաղավարներով, հետաքրքրվել տեղական և օտարերկրյա ընկերությունների առաջարկներով, ծառայություններով, կառուցվող բնակելի համալիրների առանձնահատկություններով, ծրագրերի ընթացքով:
Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 6-10 անցկացվող ցուցահանդեսն այս տարի կազմակերպվում է երկրորդ անգամ: Մասնակցում է ավելի քան 70 ընկերություն: