Անշարժ գույքի ոլորտին նվիրված աշխատաժողով՝ Քաղաքաշինության կոմիտեի, ՃՇՀԱՀ-ի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի համագործակցությամբ
Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ Աղվերանում կայացել է «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողովը։ Աշխատաժողովի նպատակն էր վերհանել ոլորտի մարտահրավերները, հիմնախնդիրները, մատնանշել զարգացման ուղիները և ստեղծել ոլորտի մասնակիցների համագործակցության բարելավման մեխանիզմներ։
Անշարժ գույքի ոլորտում առկա խնդիրների լուծմանը նպաստելու առումով, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր խոսքում կարևորել է քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումը՝ հաշվի առնելով կառուցապատման մեծ ծավալները և առկա բնակարանային ֆոնդի արդիականացման անհրաժեշտությունը. «Քաղաքաշինության կոմիտեն բաց է քաղաքաշինական ընթացակարգերը հստակեցնելու հնարավորությունները բազմակողմանիորեն քննարկելու համար։ Կոմիտեն մշակում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` կանոնակարգելու ձևավորվող քաղաքաշինական միջավայրերը, միաժամանակ օրենսդրական բարեփոխումների միջոցով ձգտում դյուրացնել գործընթացները։ Առաջիկա տարիներին ջանքերն ուղղելու ենք տարաբնակեցման նախագծի մշակմանը, որի շրջանակում կատարվելու են երկրի ողջ տարածքի համաչափ զարգացման նախանշումներ»:
Աշխատաժողովում պետական հատվածից ներգրավված էին Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Քաղաքաշինության և կադաստրի կոմիտեների պաշտոնատար անձինք և առաջատար մասնագետներ, իսկ մասնավոր հատվածից՝ շինարարական խոշոր ընկերությունների և անշարժ գույքի գործակալությունների ղեկավարներ։
ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը կարևորել է անշարժ գույքի ոլորտի համար մասնագետներ պատրաստելու համալսարանի հանձնառությունը. «Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեղյակ են, որ ներկայումս մեր բուհերում բացակայում են կրթական ծրագրերը, որոնք հարմարեցված են հատուկ անշարժ գույքի շուկայի մասնագետների պատրաստմանը: Մեր հավաքական պարտականությունն է լուծել այս բացը և ճանապարհ հարթել հմուտ մասնագետների հաջորդ սերնդի պատրաստման համար, ովքեր կխթանեն նորարարությունը, կայունությունը և առաջընթացը անշարժ գույքի ոլորտում»:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում ևս կարևորել է աշխատաժողովի շրջանակում նախատեսված քննարկումները․ «Այս ամենը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնակիցներին իրականացնելու ինտերակտիվ քննարկումներ, առկա խնդիրների և դրանց համատեղ լուծումների վերաբերյալ, մեկտեղելու ջանքերը ոլորտի, հետևապես` երկրի տնտեսական զարգացման և հզորացման համար»:
Աշխատաժողովի ավարտին որոշվել է գույքագրել ոլորտի արդի խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները, ձևավորել մասնակիցների միջև համագործակցության բարելավման գործիքներ` ստեղծել թվային հարթակ, ինչպես նաև սահմանել ոլորտի հեռանկարային ուղղությունները։