Հայ մարզիկների անվան մարզական կառույցների կառուցման ծրագրերը շուտով նախագծումից կանցնեն շինարարության փուլ
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում մարզական կառույցների վերաբերյալ քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է կոմիտեի համակարգմամբ իրականացվող շինարարական մի քանի ծրագրերի ընթացքը։
Մասնավորապես՝ ամբողջությամբ ավարտվել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի նախագծման աշխատանքները։ «Ես կարևորում եմ, որ Արթուր Աբրահամն ուղեկցել է նախագծման ամբողջ ընթացքը, և իր աջակցությամբ՝ նախագծում ներդրվել է միջազգային եվրոպական լավագույն փորձը։ Կառույցը կազմված է լինելու մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից, ունենալու է շուրջ 5400 քմ տարածք, որում ներառված են լինելու և՛ ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի դահլիճներն իրենց բոլոր ենթակառուցվածքներով, մարզիկների համար անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով։ Լինելու են ընդհանուր խաղային մարզաձևերի, ուժային մարզումների դահլիճներ։ Արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի բացումը կկայանա սեպտեմբերի 22-ին. կունենանք շինարար, ու բուն շինարարական աշխատանքները կմեկնարկենք»,-հայտնել է Եղիազար Վարդանյանը։
Կոմիտեի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Արագածոտնի մարզում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնք կավարտվեն հոկտեմբերին: Բացի այդ, նախագծվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի բռնցքամարտի և ձյուդոյի մասնաշենքը՝ շուրջ 1200 քմ մակերեսով։ Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Հաջորդիվ սահմանված ընթացակարգով կմեկնարկեն շինարարության փուլի աշխատանքները։