«Կառավարության մեկնարկած և սպասվող ծրագրերը մասնագիտական գործունեության լայն դաշտ են բացում ձեզ համար». բուհի շրջանավարտներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նա շնորհավորել է շրջանավարտներին՝ դեպի աշխատաշուկա ուղեգիր ստանալու հիշարժան օրվա առթիվ և հանձնել է Ճարտարապետության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։
«Դուք մուտք եք գործում մի ասպարեզ, որտեղ կյանքի կոչվող գաղափարները կարող են փոխել քաղաքաշինական միջավայրը, ապահովել մարդկանց անվտանգ ու հարմարավետ կենսապայմանները և փոխանցվել գալիք սերունդներին։ Ձեր ընտրած մասնագիտությունները համատեղում են ստեղծարարությունն ու ճշգրիտ հաշվարկները։ Մեր երկրում նոր դպրոց, մանկապարտեզ, մարզական ու առողջապահական կենտրոններ ստեղծելու, Ակադեմիական քաղաք կառուցելու կառավարության մեկնարկած և սպասվող ծրագրերը մասնագիտական գործունեության լայն դաշտ են բացում ձեզ համար։ Քաղաքաշինության կոմիտեին, պետական մյուս կառույցներին կամ մասնավոր դաշտում ձեր ապագա գործատուներին, անհրաժեշտ են նախաձեռնող, նպատակասլաց ու բանիմաց մասնագետներ»,-իր ելույթում շրջանավարտներին դիմելով նշել է կոմիտեի ղեկավար, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ ընդգծելով, որ ՃՇՀԱՀ-ում ուսուցանվում են այսօրվա աշխատաշուկայում պահանջված մասնագիտություններ, իսկ տարեցտարի դիմորդների թվի աճը վկայում է բուհի բարձր վարկանիշի և մեծ պահանջարկի մասին։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 760 շրջանավարտ։ Նրանց դիպլոմներ են հանձնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը և ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը: