«Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի». Եղիազար Վարդանյան
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի համակարգմամբ ծրագրեր իրականացնող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է հիմնական սկզբունքները, որոնք առաջիկայում առաջնորդող են լինելու քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։

Մասնավորապես՝ հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։ «Երկար սպասված այս փոփոխության շնորհիվ առաջիկայում կարգավորումների ամբողջացումից հետո խորհրդային տարիների մեթոդաբանության փոխարեն հաշվի են առնվելու շուկայական իրական գները։ Բացի այդ, մասնագրերում սահմանվելու են կիրառվող նյութերի վերաբերյալ հստակ պահանջներ՝ ապահովելու կանխատեսելիություն և որակյալ արդյունք»,-տեղեկացրել է Եղիազար Վարդանյանը՝ նշելով, որ նոր մեթոդաբանությունն առաջնահերթ կկիրառվի կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերում։

Հաստատվել է քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վարկանիշավորման կարգը։ Կոմիտեի նախագահը ներկայացրել է սահմանափակումների և արտոնությունների նախնական շրջանակը, որպեսզի հանդիպման մասնակիցների առաջարկները հաշվի առնելուց հետո վերջնական տարբերակը ներկայացվի Կառավարության հաստատմանը։ «Պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունները մրցույթներին մասնակցելիս հնարավորություն կունենան մրցակցելու վարկանիշային նույն խմբի կազմակերպությունների հետ։ Նույն հարթությունում այլևս չեն դիտարկվի գնային ցածր առաջարկի շնորհիվ մրցույթներում հաղթող և ծրագրերը ձախողող, ցածր վարկանիշ ունեցող կազմակերպությունները»,-ընդգծել է կոմիտեի նախագահը։

Նա անդրադարձել է նաև տեխնիկական հսկողության պատշաճ իրականացման խնդրին՝ շեշտելով, որ պետական բոլոր պատվիրատուների մոտեցումը հստակ է. անհրաժեշտ են կտրուկ կարգավորումներ։
«Մեր նպատակը պատժելը չէ։ Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել, որպեսզի տեխնիկական հսկողությունը ձևական բնույթ չկրի։ Այժմ քննարկում ենք թվային հարթակի կիրառմամբ տեխնիկական հսկողության եվրոպական մոդելը Հայաստանում ներդնելու, ինչպես նաև տեխնիկական հսկողության տոկոսն առնվազն կրկնակի բարձրացնելու նախաձեռնությունը»,-շեշտել է Վարդանյանը՝ վստահություն հայտնելով, որ նոր կարգավորումների ամբողջությամբ կիրառության մեջ մտնելուց հետո նոր դաշտ է բացվելու պատշաճ վարքագիծ ունեցող կազմակերպությունների համար։

Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են հնչեցրել՝ կապված ծրագրերում կիրառվող նախագծերի վերանայման, շինանյութերի գների տատանումների, նախագծերի փորձաքննությունների հետ։
Շինարարական ընկերություններին ներկայացվել է նաև կատարողականների ներկայացման նոր ձևաչափը։
Կոմիտեի նախագահը հիշեցրել է դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական հաստատությունների կառուցման նոր շրջափուլի մեկնարկի մասին, որը պահանջում է ընկերությունների ռեսուրսների մոբիլիզացիա։ Նա նաև տեղեկացրել է, որ վերանայվում են շինարարության տևողության նորմերը՝ նպատակ ունենալով օր առաջ և որակով շահագործման հանձնել կառուցվող օբյեկտները։ «Որակի հարցում որևէ միլիմետր զիջում չի արվելու։ Անորակ աշխատանքը չի ընդունվելու, և հետևանքներն ու ֆինանսական բեռը շինարարին զուգահեռ կրելու են անորակ աշխատանքն ընդունած տեխհսկողները։ Փոխարենը որակյալ աշխատանքով օրինակ ծառայողներին պետությունը խրախուսելու է։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը ես համարում եմ մեր ոլորտային հաջողությունը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը




