Նոր նախարար՝ հին հարցեր. Նարեկ Սարգսյանն ամփոփում է 100 օրը
22.08.2014,armradio.am
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը իր ղեկավարած գերատեսչության վերջին 3-4 ամիսների գործունեությունն այսօր երկայացրեց՝ անդրադառնալով ոլորտի բոլոր խնդիրներին, որոնք վեր են հանվել այս ընթացքում։ Խնդիրները բազմաթիվ են, առաջինը և ամենակարևորը՝ «մեր բնակավայրերի միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանման եւ միջավայրի խաթարման հարցերն են»։ Նաեւ ճարտարապետների եւ նախագծողների կարգավիճակը պետք է հաստակեցվի։
Այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են մի քանի ծրագրեր։ Ճարտարապետական գործունեոթւայն մասին օրենքը դեռ 2009-ից նախաձեռնվեց, հետո սառեցվեց, հիմա նորից սկսել են աշխատել օրենքի վրա։ Հանդիպումներ են ունեցել տարբեր ճարտարապետների հետ և նախարարը հույս հայտնեց, որ այն շուտով կընդունվի։ Այն նոր տրամաբանություն կունենա՝ ճարտարապետության ոլորտում միջազգային գործելաոճին համահունչ, ասում է Նարեկ Սարգսյանը։
Նախարար Նարեկ Սարգսյանը շինարարների ու շինարարության մասին էլ խոսեց. շինարարության որակ, գնագոյացում, տենդերներ և մրցույթներ, դրանց որակավորման հետ կապված խնդիրներ։ Դրա համար ստեղծվելու է փորձագիտական պետական կենտրոն։ «Շուկայական գնագոյացումն ու այն նորմերը, որն այսօր գոյություն ունեն, իրար չեն համապատասխանում»,- այս դաշտը պետք է կարգավորվի եւ արդեն որոշակի քայլեր արվել են, վստահեցրեց նախարարը։
Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ մեծ ուշադրություն է դարձվելու նաեւ Երևանից դուրս տարածքների զարգացմանը։ Հոկտեմբերին կկազմակերպվի «Հայկական տուն» մրցույթը։ «Փորձելու ենք ՀՀ բոլոր բնակավայրերի համար, որոնք իրենց ճարտարապետությամբ տարբերվում են իրարից, մշակել բազմաթիվ նախագծեր»։
Եղան նաև հին հարցեր, քանի որ Նարեկ Սարգսյանն էլ ոլորտում նոր մարդ չէ եւ մայրաքաղաքում իրականացված բազմաթիվ շինարարաիան ծրագրերի հեղինակն է։ Առաջիկայում ի՞նչ հեղիանկավոր կառույցներ կքանդվեն Երևանում, հարցում նախարարը սարկազմ նկատեց. «Ցավոք սրտի, պետք է հիասթափեցնեմ, ոչ մի հեղինակային կառույց չի քանդվելու»։
ներկայացմամբ, քաղաքաշինության նախարարության գործունեությունն այդ ժամանակահատվածում ուղղված է եղել ոլորտում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների կատարմանը, օրենսդրական նոր եւ ընթացքի մեջ գտնվող փաթեթների մշակմանը, քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացմանը միտված քայլերին, ինչպես նաեւ գոյություն ունեցող խնդիրների բացահայտմանը.
-Այս շրջանում մանրամասն ուսումնասիրվել են ոլորտի բոլոր խնդիրները, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վեր ենք հանել այն պրոբլեմները, որ կան։ Փորձել ենք նախանշել մեր հիմնական մոտեցումները։
Նախարարության հետ կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտեի միավորման հետեւանքով ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն։ Նրա միջոցով ակնկալվում է մշակել այն ներդրումային ծրագրերը, որոնք նախարարությունը մտադիր է առաջարկել պոտենցիալ ներդրողներին։ Սրանով, նախարարի կարծիքով, իրենք հնարավորություն են ստանում մեկ քայլ առաջ ընկնել քաղաքաշինական գործընթացում։
Անցած մի քանի ամիսների ընթացքում նախարարությունը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։ Մասնավորապես ճարտարապետների միության հետ համատեղ մշակվել է «Ճարտարապետական գործունեության մասին օրենքի» նախագիծը, որը 2011 թվականից սառեցված էր։ Դրանով ճարտարապետներն իրենք են որոշելու, թե ինչ որակավորում են ունենալու իրենց գործընկերները։
Այլ կերպ ասած, «լիցենզիայի եւ որակավորման խնդիրները պետք է պետությունից անցնի ճարտարապետական նորաստեղծ միավորմանը կամ պալատին»։ Սա, Ն.Սարգսյանի կարծիքով, կբերի ճարտարապետական նախագծերի որակի բարձրացմանը, ճարտարապետ, ներդրող եւ պետություն հարաբերությունների կարգավորմանը։
Արդարադատության նախարարությանն է ներկայացվել կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգին առնչվող նախագծերի փաթեթը, որի նպատակն է բացահայտել այն հնարավոր ռեզերվները, որոնք առկա են կառուցապատման ընթացակարգերի պարզեցման առումով։ Ավարտական փուլում է գտնվում Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի նախագիծը, որով խստացվելու են այդ տարածքում կառուցապատման խախտումներին վերաբերող չափորոշիչները։
Շինարարության գնագոյացման գործընթացում առաջիկայում նախատեսվում է վերանայել տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների տոկոսադրույքները։ Դրա շնորհիվ ակնկալվում է բարձրացնել ոլորտում տեխնիկական եւ հեղինակային հսկողության աշխատանքներ իրականացնող սուբյեկտների ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու պատասխանատվությունը։ Մի բան, որը, Ն.Սարգսյանի կարծիքով, կհանգեցնի պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների որակի բարելավմանը։
-Շինարարների մասով խնդիրները բազմաթիվ են։ Տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, վեր են հանվել այն հիմնական պրոբլեմները, որոնք կապված են շինարարության որակի, շինարարական աշխատանքների գնագոյացման եւ մրցույթների անցկացման հետ։
Ձեռնարկել ենք նոր կառույցի ստեղծում, որը կոչվելու է փորձագիտական պետական կենտրոն։ Խնդիրն այն է, որ շուկայական գնագոյացումը եւ այն նորմերը, որոնք այսօր գոյություն ունեն, իրար չեն համապատասխանում։ Այդ առումով, ինչպես գիտեք, Վերահսկիչ պալատի հետ բազմաթիվ քննարկումներ են եղել։ Դաշտը պետք է կարգավորենք։ Արդեն որոշակի քայլեր են ձեռնարկված, այդ թվում՝ նաեւ շինարարական մրցույթներում որակյալ մասնակիցների ներգրավման նպատակով համապատասխան չափանիշների խստացման ուղղությամբ։
Ըստ նախարարի, առաջիկայում կարեւորվելու է ոչ միայն Երեւանի, այլեւ մյուս տարածքների զարգացումը. «Մեծ ուշադրություն ենք դարձնելու Երեւանից դուրս ներդրումային զարգացում ապահովող ծրագրերին։ Դրանով փորձելու ենք լուծել երկու խնդիր. առաջին՝ բարելավել մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրերի միջավայրը, եւ երկրորդ՝ հասնել դրանց զարգացմանը»։
Անցած մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրվել է նաեւ աղետի գոտու իրավիճակը։ Չնայած վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, այնուհանդերձ դեռեւս կան ընտանիքներ, որոնք ապահովված չեն բնակարանով։ Նրանց խնդիրը նախարարությունը հակված է լուծել ոչ թե նոր շենքերի կառուցման, այլ վկայագրերի տրամադրման միջոցով.
-Գյումրիի մի հատվածում, որտեղ խոսքը 430 ընտանիքի բնակարանային ապահովման մասին է, որոշեցինք, որ այլեւս նպատակահարմար է, որպեսզի այդ բնակիչների հետ պետությունն աշխատի բնակարանների գնման վկայագրերով։ Քաղաքն ունի վաճառքի ենթակա բազմաթիվ բնակարաններ, եւ ավելի ճիշտ է գնել դրանք՝ աշխուժացնել քաղաքի շուկան, քան կառուցել նոր շենքեր։ Բնակիչների աջակցության ծրագրի բոլոր պարամետրերն արդեն պատրաստ են, եւ շուտով գործընթացը նորից կվերսկսվի։
Նախարարը փարատեց այն մտահոգությունները, որ բնակիչներն ունեն վկայագրերով առաջարկվող գումարների եւ բնակարանների իրական գների տարբերության հետ կապված խնդիրներ. «Գյումրիում հարցումներ ենք արել եւ, մեր տվյալներով, ավելի քան երկու երրորդը կողմ են վկայագրերին։ Իհարկե կան մարդիկ, որոնք նպատակահարմար են համարում բնակարանների կառուցումը։ Նրանց հիմնական մտահոգությունն այն է, որ բնակարանների գնման վկայագրերի արժեքը չի համապատասխանի շուկայում գործող գներին։
Պաշտոնապես ասում եմ, որ այդպիսի բան լինել չի կարող։ Կադաստրից հարցումներ ենք անելու ճիշտ շուկայական արժեքների վերաբերյալ եւ դրանց համապատասխան իրենք կստանան վկայագրերը։ Մենք շահագրգռված չենք խնդիրներ հարուցել։ Եթե նույնիսկ տեսնենք, որ կա մարդկանց խումբ, որոնք միանշանակ կողմնակից են նոր շինարարության, ապա այդպիսի հնարավորություններ մենք ունենք։ Թեեւ կարծում եմ, որ դա լրացուցիչ ժամանակ կպահանջի՝ մինչեւ այդ շենքերը կառուցվեն։
Այդ պատճառով ճիշտ է, որպեսզի խնդիրը լուծվի վկայագրերի միջոցով՝ պայմանով, որ դա կհամապատասխանի շուկայական արժեքներին։ Մյուս կողմից՝ երբ քաղաքում կան բազմաթիվ դատարկ տներ, կարծում եմ, նոր շենքեր կառուցելը նպատակահարմար չէ»։
Անդրադառնալով վերջին շրջանում Հյուսիսային պողոտայում վերսկսված շինարարությանը եւ վերակառուցումներին, նախարարը նշեց, որ դրանց նպատակն է բարելավել մայրաքաղաքի այդ հատվածի արտաքին տեսքը եւ դարձնել ավելի գրավիչ այցելուների համար։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել հոկտեմբերի կեսերին, թեեւ որոշ աշխատանքներ կշարունակվեն նաեւ դրանից հետո։
Բարեկարգման շնորհիվ կավելանա Հյուսիսային պողոտայի կանաչ հատվածը. «Ծաղկամանների մակերեսները երեք անգամ մեծացված են։ Թփերի փոխարեն նախատեսվում է ծառեր տնկել»։
Փոխվելու է լուսավորության համակարգը, ինչպես նաեւ տեղադրվելու են քանդակներ.
-Մտադիր ենք Հյուսիսային պողոտայում նաեւ ուղղաձիգ կանաչապատում ապահովել՝ հատկապես խուլ պատերի վրա։ Նման տեխնոլոգիաներ Հայաստանում կան։ Մասնավորապես սկսել են կիրառվել Դիլիջանի դպրոցում։ Այդ մշակույթը 1960-1980-ական թվականներին Երեւանն ունեցել է։ Շատ տեղերում եղել են մագլցող կանաչներ։
Ն.Սարգսյանը հերքեց այն խոսակցությունները, որ Հյուսիսային պողոտայի շենքերը կառուցվեցին, սակայն բնակարաններն այդպես էլ չեն գտնում իրենց սեփականատերերին։ Դրանք վաճառվել են անմիջապես՝ «դեռեւս թաց վիճակում»։ Այլ հարց է, որ ոչ բոլորն են բնակեցված։ Բայց դա պարտադիր պահանջ չէ։
Քաղաքաշինության ոլորտում այս փուլում դեռեւս անորոշ է մնում ինչպես «Զվարթնոցի» հին շենքի քանդման, այնպես էլ արդեն քանդված «Երիտասարդական պալատի» տեղում նոր կառույցի հիմնման ճակատագիրը։ Եթե առաջինի հետ կապված ուսումնասիրությունները դեռեւս շարունակվում են, ապա երկրորդը չի իրականանում, որովհետեւ չկան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Մրցույթում հաղթած նախագիծը պահանջում է մեծ ներդրումներ.
-Այն բավական ամբիցիոզ նախագիծ էր, որը կառուցելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Մրցույթը եղավ, հաղթողը ճանաչվեց, բայց ներդրողն այս պահին նման շինարարություն իրականացնելու հնարավորություն չունի,- նշեց քաղաքաշինության նախարարը։
