Նախարար Նարեկ Սարգսյանը պարգևատրել է շնորհակալագրով
Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ում բազվեց «Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որը ձևավորված էր Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:
Ցուցահանդեսը գերազանց նախապատրաստելու և կազմակերպելու համար, Սանկտ-Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանի տնօրեն Լյուբով Ալեքսանդրի Մուսիենկոն, փոխտնօրեն Եկատերինա Ալեքսանդրի Տերյուկովան և ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլայի Նիկոլաևան պարգևատրվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի շնորհակալագրով։
Հավելենք նաև, որ նախարար Ն. Սարգսյանը բարձր գնահատելով ստեղծված հնարավորությունը` Հայ հանդիսատեսին այդ բացառիկ նմուշները ներկայացնելու համար, Կրոնի պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող Ելենա Նիկոլաևային (ով այս օրերին գտնվում է Հայաստանում) նվիրեց <<Եղեռն` եղեռնից հետո>> գիրքը, որում ընդգրկված են Արևմտյան Հայաստանում անհետացող մշակույթի բեկորները:
Ցուցահանդեսին, որն ընդգրկում էր XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվել են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:
Նկարները, որոնք փաստում և փաստագրում են Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում, ներկայացնում են Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5 (hասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3), որից հետո կցուցադրվի Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

