Համատեղ ընդլայնված նիստ՝ Տաթևի վանական համալիրի թեմայով
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացավ Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրներին նվիրված՝ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ընդլայնված նիստը, որին խորհրդի անդամներից զատ հրավիրված էին և մասնակցում էին մշակույթի նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները, <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (<<Իդեա>>) հիմնադրամի <<Տաթևի վերածնունդ>> ծրագրի ղեկավարը, ինչպես նաև՝ ոլորտի փորձառու մասնագետները:
Տաթևի վանական համալիրի հիմնախնդիրների վերաբերյալ այս ընդգրկուն քննարկմանը նախորդել էր դեռևս հոկտեմբերի 21-ին տեղում՝ Տաթևի համալիրում տեղի ունեցած մասնագիտական քննարկումը:
Նոյեմբերի 15-ի նիստը վարում էր կոմիտեի նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ Նարեկ Սարգսյանը:
Քննարկման դրված օրակարգային հարցերի թվում էին՝ Տաթևի վանական համալիրի սյուն-գավազանի հիմքերի ուսումնասիրության արդյունքները, համալիրի զանգակատան նախագծի քննարկումը, Սուրբ Պողոս-Պետրոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների ամրակայմանը վերաբերող, ինչպես նաև՝ համալիրի տնտեսական և օժանդակ կառույցները հավուր պատշաճի օգտագործելի դարձնելու հարցերը:
Քննարկմանը ներկա մասնագետներին Տաթևի վանական համալիրին վերաբերող ցանկացած մանրուք հետաքրքրում էր. ընդհանուր մտայնությունը հետևյալն էր՝ բոլոր հարցերը, լինեն դրանք բարեկարգմանը, հիմքերի ամրակայմանը, դրենաժի իրականացմանը, թե՝ կազմակերպական և համալիրը զբոսաշրջային առումով գրավիչ և ներկայանալի դարձնելուն ուղղված, պիտի իրականացվեն ամենայն բծախնդրությամբ և բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով:


