Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում մասնակցել է խորհրդակցության
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ նրան հյուրընկալել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն՝ քննարկելու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման ծրագրի ընթացքը։
Խորհրդակցությանը մասնակցել են կոմիտեի, մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի պատասխանատուները, ծրագրում ընդգրկված շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչները։
Քննարկվել են համալիրի արտաքին և բակային ինժեներական ցանցերի վերաբերյալ հարցեր, որոնք բարձրացվել էին Քաղաքաշինության կոմիտեում նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ, և դրանց լուծման նպատակով որոշվել էր կազմակերպել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ մարզային հանդիպում։ Անդրադարձ է եղել նաև լողավազանի կառուցմանը, մարզադաշտի խոտածածկույթին, նախագծային լուծումներին և փոփոխություններին։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետևողականորեն լուծել յուրաքանչյուր հարց սեղմ ժամկետում։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է ծրագրի անխոչընդոտ իրականացումը՝ նշելով, որ համատեղ և թիմային աշխատանքով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, վկայակոչելով Արթուր Ալեքսանյանի նվաճումները, ընդգծել է, որ բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն՝ շուրջ 7 մլրդ դրամ ներդրումով կարևոր ծրագիրն անխնդիր իրականացնելու համար, որպեսզի երիտասարդները տեսնեն, որ կառավարությունը գնահատում է նրանց վաստակը։
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: