Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Համաշխարհային բանկի կազմակերպած աշխատաժողովին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանն ու միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը Վիեննայում մասնակցել են Համաշխարհային բանկի կազմակերպած «Էներգաարդյունավետություն և դիմակայունություն կառուցված միջավայրում» խորագրով աշխատաժողովին։
Միջոցառման նպատակն է մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել ոլորտային քաղաքականություն մշակողներին` շենքերի և շինությունների էներգաարդյունավետության, քաղաքային պլանավորման ոլորտում դիմակայունության բարձրացման նպատակով։

Քննարկվել են էներգաարդյունավետության ռազմավարության մշակման, կառուցապատման նոր ծրագրերում էներգաարդյունավետության մեխանիզմների ներդրման, գոյություն ունեցող շինությունների վերակառուցման և սոցիալական բնակարանաշինության վերաբերյալ հարցեր։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը ներկայացրել է էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ՀՀ-ում էներգաարդյունավետությանն առնչվող շինարարական գործող նորմերի արդիականացման և Եվրոպական միության նորմերի տեղայնացման նպատակով մեկնարկած գործընթացները։
Աշխատաժողովի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել են այցեր՝ ներկայացնելու Վիեննայում իրականացվող շենքերի վերակառուցման և էներգաարդյունավետության բարձրացման ուղղված ծրագրերը։