Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի շինարարական հրապարակներ
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շարունակում է չնախատեսված այցեր կատարել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներ։
Հերթական շրջայցի ժամանակ կոմիտեի ղեկավարը և պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները եղել են Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի շինարարական հրապարակներում։

Լոռու մարզում կոմիտեի նախագահը դիտարկել է բնակարանաշինական 2 ծրագրի ընթացքը։ Մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում կառուցվող բազմաբնակարան բնակելի նոր շենքի շինարարությունն ավարտական փուլում է, զուգահեռաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում բազմաբնակարան 15 շենքերի կառուցման ծրագրի շրջանակում առաջին փուլով նախատեսվում է ավարտել 8 շենքի շինարարարությունը։ Եղիազար Վարդանյանը կապալառու ընկերությանը հանձնարարել է ներգրավել անհրաժեշտ ռեսուրսներ և աշխատուժ՝ շինարարության տեմպը կարգավորելու նպատակով, միաժամանակ կարգադրել է կոմիտեի մասնագետներին նախագծողի հետ համատեղ քննարկել ծրագրին առնչվող հարցերը՝ շինարարության անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով։

Հաջորդիվ դիտարկվել են Լեռնավանի և Գոգարանի մսուր-մանկապարտեզների կառուցման ավարտական փուլի շինարարական աշխատանքները։ Երկու բնակավայրերում կառուցվող նոր մսուր-մանկապարտեզները նախատեսված են 144 երեխայի համար։
Շահագործման հանձնված կառույցների շարունակական մշտադիտարկման շրջանակում կոմիտեի նախագահն այցելել է Տավուշի մարզի Կիրանցի նորակառույց դպրոց՝ ուսումնասիրելու շահագործման հանձնված շենքի տեխնիկական վիճակը։

Հաջորդ կանգառը եղել է Դովեղ գյուղում, որտեղ Կոմիտեի նախագահը դիտարկել է նոր կապալառուի կողմից մինչ այժմ կատարված աշխատանքը։
Արագածոտնի մարզում կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում են եղել Երնջատափի Եղիշե Չարենցի անվան, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան, Մելիք գյուղի, Քուչակի և Աղձքի միջնակարգ դպրոցների նորոգման աշխատանքները։ Գոյություն ունեցող շենքերի նորոգումից բացի դպրոցների համար կառուցվելու է բացօթյա մարզադաշտ։

Մելիք գյուղում ընթանում է նաև 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի շինարարությունը։ Կոմիտեի նախագահը հանձնարարել է արագացնել շինարարական աշխատանքների տեմպը։
Ավարտական փուլում են Ալագյազ համայնքում 144 երեխայի համար նախատեսված մոդուլային տիպի նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Եղիազար Վարդանյանը կապալառու ընկերությանը հանձնարարել է շտկել այցերի ընթացքում արձանագրված թերությունները և ծրագիրն ավարտին հասցնել պատշաճ որակով ու ժամանակին։





