Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացներն առավել կանխատեսելի և գրավիչ կդառնան
Կառավարության հունվարի 25-ի նիստում հավանության է արժանացել Քաղաքաշինության կոմիտե մշակած որոշման նախագիծը, որով ամրագրվել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություն։
Նախագծով ամրագրված դրույթը թույլ կտա մրցույթում հաղթող ճանաչել՝ մասնակցի գնային առաջարկը նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոս բարձր լինելու դեպքում: Այդպիսով կարգավորվում է հրապարակված նախահաշվային գնից ավելի բարձր գնառաջարկների թույլատրելի շեմը, ինչն առավել կանխատեսելի և գրավիչ կդարձնի գնման գործընթացը հնարավոր մասնակիցների համար:
«Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական շուկայում ստեղծված բարձր մրցակցային իրավիճակով, երբ նկատում ենք մասնավոր շինարարության զգալի աճ, ինչն իր հերթին առաջացնում է շինարարական աշխատանքների հետ կապված ռեսուրսների սահմանափակումներ և ռիսկեր։ Այս պայմաններում՝ որպես շուկայի մասնակից և պատվիրատու, փոփոխությամբ առաջարկում ենք ձևավորել մրցակցային ճկունություն և պետական կարևոր ծրագրերի նկատմամբ պահպանել անհրաժեշտ գրավչությունը»,-հարցը զեկուցելիս նշել է Քաղաքաշինության կոմիտե նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։ Նա ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց՝ դպրոցաշինության ծրագրի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի և Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից նախորդ տարվա դեկտեմբերին կազմակերպված 82 մրցութային կողմնորոշիչ գների սահմաններում հաղթող կարող են ճանաչվել 27-ի դեպքերում։ Մնացած 21 մրցույթի համար հայտ չի ներկայացվել, իսկ 34 մրցույթում ստացվել են նախահաշվային գնից էապես բարձր գնային առաջարկներ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ելնելով մինչև 2026թ․ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի կարևորությունից, ծավալներից և իրականացման ժամկետներից, անհրաժեշտություն է առաջացել գնման գործընթացներն առավել ճկուն և կանխատեսելի դարձնել։