ՆԱԽԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՂՋՅՈՒՆԻ ԽՈՍՔԸ ԳՅՈՒՄՐՈՒ “ՄՈՒՇ 2” ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ԺԱՄԱՆԱԿ
15.10.2012 թ.
Մեծարգո պարոն նախագահ,
Սիրելի գյումրեցիներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս` այս նշանակալից իրադարձության առթիվ: Այսօր շատերիս համար բացառիկ օր է, այսօր 1756 գյումրեցի ընտանիք բնակարանամուտ է տոնում: Այսօր 1756 ընտանիք իր սեփական հարկի տակ է հավաքելու ընտանիքի բոլոր անդամներին ու հանգիստ խղճով բաժակ բարձրացնելու այս սպասված իրադարձության առթիվ:
Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Գյումրին աստիճանաբար վերագտնում է իր նորոգ տեսքը ու առաջին հերթին` իր ուժեղ մարդկանց նկարագրի շնորհիվ, որոնց կամքը չկոտրեց անգամ ավերիչ երկրաշարժը:
Այժմ թույլ տվեք զեկուցել արված աշխատանքների մասին: “Աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիրը” լինելով հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից մեկը` մշտապես եղել է նրա ուշադրության կենտրոնում, շնորհիվ որի այսօր շահագործման է հանձնվում մի հսկայածավալ թաղամաս, որը մեր պետության քաղաքաշինական գործունեությունում աննախադեպ է բնակարանային շինարարության տեսակետից:
Գյումրիի “Մուշ 2” եւ “Անի” թաղամասերում այսօր շահագործման է հանձնվում 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք` 640 հատ մեկ, 528` երկու, 464` երեք եւ 124` չորս սենյականոց բնակարաններով: Բնակարանները բաշխվել են 6 վիճակահանությունների ընթացքում, որոնց շահառուներն անձամբ են մասնակցել ու իրենց ձեռքով հանել սեփական տան հասցեն:
“Մուշ 2” եւ “Անի” թաղամասերի շինարարության այս փուլը սկսվել է 2010 թվականին, այս ընթացքում կատարվել է 23.47 հա մակերեսով կառուցապատում: Մոտ 160 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը կառուցված են առնվազն 9 բալ սեյսմակայունության համար: Իրականացվել է 70 հազար քառ. մետր ասֆալտապատման, 63 հազար քառ. մետր կանաչապատման աշխատանքներ: Անցկացվել է 29300 գծամետր արտաքին եւ ներքին կոյուղի, 47700 գծամետր արտաքին եւ ներքին ջրագիծ, 6 կմ երկարություն ունեցող արտաքին ոռոգման գիծ եւ 1.5 կմ ներքին ոռոգման ցանց:
Ինչպես տեսնում եք, թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները` ներքին հարդարմամբ: Ի դեպ տեղեկացնեմ նաեւ, որ շահառուներին հնարավորույթուն է տրվել անձամբ ընտրելու ներքին հարդարման նյութերի գույները:
Մի կարեւոր փաստ եւս. այսօր ձեզ ենք ներկայացնում նաեւ 1080 աշակերտի համար նախատեսված եւ 12-ամյա կրթակարգին համապատասխանող դպրոցը, որը միավորում է արդեն բնակեցված “Մուշ-2” եւ այսօր հանձնվող “Մուշ 2-2” թաղամասերը: 8700քմ ընդհանուր մակերեսով 2-3 հարկանի դպրոցի կառուցապատման համար հատկացվել է 3.2 հա տարածք: Դպրոցի շինարարության վրա ծախսվել է շուրջ 2 մլրդ դրամ: Արդեն, սեպտեմբերից այս հոյակերտ դպրոց են հաճախում “Մուշ-2” թաղամասի երեխաները, որոնց շատ շուտով կմիանան այսօր բնակարանամուտը տոնող ընտանիքների երեխաները:
Վերադառնալով բնակապահովման ծրագրին նշեմ, որ ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են 3714 ընտանիք, այդ թվում Գյումրիում` 2812, Սպիտակում` 185, Ստեփանավանում` 45 եւ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում 611 ընտանիք:
Ներկայումս շինարարության ընթացքում են 743 ընտանիքների համար կառուցվող բնակարաններն ու բնակելի տները, որոնցից 104 բնակարան կառուցման ընթացքում է Ախուրյանում, 40-ը` Ծաղկահովիտում, 180-ը` Շիրակի եւ 430-ը Լոռու մարզի գյուղական բնակավայրերում:
Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում մեկ սենյականոց բնակարանի հավակնող 400 ընտանիքների բնակապահովման հարցը կլուծվի առաջիկա ամիսներին` ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Մենք հասկանում ենք, որ մինչեւ այժմ արվածը դեռ բավարար չէ, որ ցավոք, այսքանով մեր իրականությունից, մեր բառաֆոնդից չի վերանում “երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիք” արտահայտությունը, ուստի կառավարությունն այս ծրագրին լրացուցիչ միջոցներ է հատկացրել, որով կլուծվի 608 ընտանիքի բնակապահովման խնդիրը: Ընդ որում նշյալ լրացուցիչ ծրագրի շրջանակներում 420 բնակարան կկառուցվի Գյումրիում, 16-ը` Վանաձորում, 70-ը` Սպիտակում, 36-ը` Ախուրյանում եւ 66-ը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում: Մոտ 85 մլդ արժողությամբ այս ծրագրի ավարտը նախատեսվում է 2013 թվականին:
Ուրախությամբ արձանագրեմ նաեւ, որ միայն Գյումրիում շենքերի կառուցման աշխատանքներում ընդգրկված է եղել ավելի քան 5000 շինարար` միջինը 200 հազար դրամ աշխատավարձով եւ նրանց գերակշիռ մասը տեղի բնակիչներն էին: Թույլ տվեք, շնորհակալություն հայտնել շինարարներին` այս հսկայական թաղամասը ժամանակին եւ որակով հանձնելու համար:
Ավարտելով խոսքս ուզում եմ բոլորիս եւ հատկապես բնակարանամուտ տոնող ընտանիքներին շնորհավորել այս իսկապես նշանակալից ու պատմական օրվա առիթով:
Մեծարգո պարոն նախագահ,
Սիրելի գյումրեցիներ,
ինձ համար մեծ պատիվ է անձամբ բնակարանների բանալիներ հանձնել Ձեզ:
Եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ այսօր բնակարանամուտ տոնող բոլոր ընտանիքներին եւ մաղթում եմ երջանիկ կյանք: