1756 ընտանիք բնակարանամուտ տոնեցին Գյումրիի “Մուշ 2” և “Անի” թաղամասերում
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-ին «Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում շահագործման հանձնվեց Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերը:
Հանդիսավոր արարողության ժամանակ, շնորհավորելով գյումրեցիներին քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը նշեց.” Այսօր շատերիս համար բացառիկ օր է, այսօր 1756 գյումրեցի ընտանիք բնակարանամուտ է տոնում: Այսօր 1756 ընտանիք իր սեփական հարկի տակ է հավաքելու ընտանիքի բոլոր անդամներին ու հանգիստ խղճով բաժակ բարձրացնելու այս սպասված իրադարձության առթիվ”: Ապա զեկուցելով արված աշխատանքների մասին նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց.”պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագիրը լինելով հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից մեկը, մշտապես եղել է նրա ամենօրյա հոգածության առարկա, շնորհիվ որի այսօր շահագործման է հանձնվում մի հսկայածավալ թաղամաս, որը մեր պետության քաղաքաշինական գործունեությունում աննախադեպ է բնակարանային շինարարության տեսակետից:
Պարոն Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ “Մուշ 2” եւ “Անի” թաղամասերում շահագործման է հանձնվում 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք` 640 հատ մեկ, 528 հատ երկու, 464 հատ երեք եւ 124 հատ չորս սենյականոց բնակարաններով: Բնակարանները բաշխվել են 6 վիճակահանությունների ընթացքում, որոնց շահառուներն անձամբ են մասնակցել ու իրենց ձեռքով հանել սեփական տան հասցեն: Նշյալ թաղամասերի շինարարության այս փուլը սկսվել է 2010 թվականին, այս ընթացքում կատարվել է 23.47 հա մակերեսով կառուցապատում: Մոտ 160 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքերը կառուցված են առնվազն 9 բալ սեյսմակայունության համար: Իրականացվել է 70 հազար քառ. մետր ասֆալտապատման, 63 հազար քառ. մետր կանաչապատման աշխատանքներ: Անցկացվել է 29300 գծամետր արտաքին եւ ներքին կոյուղի, 47700 գծամետր արտաքին եւ ներքին ջրագիծ, 6 կմ երկարություն ունեցող արտաքին ոռոգման գիծ եւ 1.5 կմ ներքին ոռոգման ցանց:
Թաղամասերը շահագործման են հանձնվում համապատասխան ենթակառուցվածքներով` ջրամատակարաման-ջրահեռացման, գազաֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով ու ասֆալտապատ ճանապարհներով, իսկ բնակարանները` ներքին հարդարմամբ: Այս փուլում բնակիչներին հնարավորույթուն է տրվել անձամբ ընտրելու ներքին հարդարման նյութերի գույները: Բնակարանները կահավորվել են գազօջախներով, լվացարաններով, սանիտարական տեխնիկայով, տեղադրվել են ջեռուցման համակարգեր: Կառուցապատումն իրականացնում է «Գլենդել հիլզ» ընկերությունը:
2008 թվականին սկիզբ առած՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված շուրջ 85 մլրդ դրամ արժողությամբ պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված 3714 ընտանիքների բնակարանային խնդիրները լուծվել են կառուցված բնակարանների/բնակելի տների հատկացմամբ և ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Դրա հետ մեկտեղ, ներկայում շինարարության ընթացքում գտնվող 743 և լրացուցիչ սկսվող 608 բնակարանների/բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման արդյունքներով իրենց լուծումը կստանան ևս 1351 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում 1-սենյականոց բնակելի տուն ստանալու համար սահմանված կարգով հաշվառված մոտ 400 ընտանիքների կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Արդյունքում, ծրագրի շրջանակներում կլուծվեն շահառու ճանաչված շուրջ 5500 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի 2-րդ փուլով Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շինարարությունն սկսվել է 2010 թվականին:
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց նաև «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: 1080 աշակերտի համար նախատեսված և 12-ամյա կրթակարգին համապատասխանող դպրոցը միավորում է արդեն բնակեցված “Մուշ-2” և այսօր հանձնվող “Մուշ 2-2” թաղամասերը: Դպրոցը բաղկացած է չորս մասնաշենքից, որտեղ տեղակայված են 1-4-րդ և 5-12–րդ դասարանների համար նախատեսված դասասենյակները: 8700 քմ ընդհանուր մակերեսով 2-3 հարկանի դպրոցի կառուցապատման համար հատկացվել է 3.2 հա տարածք: Դպրոցի շինարարության վրա ծախսվել է շուրջ 2 մլրդ դրամ:
Նախագահը քաղաքաշինության նախարարի, Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նորակառույց «Մուշ-2» և «Անի» թաղամասերում շրջայցի ընթացքում այցելեց մի շարք բնակարաններ, շնորհավորեց տոնական սեղանների շուրջ բնակարանամուտը նշող ընտանքիներին:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանրապետության ղեկավարին ներկայացրեց նաև շենքերի “Մուշ -2” թաղամասի գլխավոր հատակագիծը ու զեկուցեց շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը ներկա «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարտավորվածություն ստանձնեց իր միջոցներով «Մուշ-2» թաղամասում կառուցել մանկապարտեզ: