Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ
«Սիրելի´ ճարտարապետներ, հարգելի´ գործընկերներ,
Քաղաքաշինության կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ:
Ճարտարապետի պատասխանատու աշխատանքը հիմնված է երևակայության, միաժամանակ ճշգրիտ հաշվարկների վրա։ Ստեղծարար մասնագիտության կրող լինելով՝ դուք կյանքի եք կոչում ամենատարբեր հետաքրքիր գաղափարներ, որոնք արտացոլում են ժամանակը, իսկ հաճախ էլ ժամանակից առաջ անցնում՝ կանխորոշելով մասնագիտության հեռանկարը:
Հանրապետությունում մեծ տեմպերով ընթացող շինարարության և ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ ծրագրերի պայմաններում լավ կշռադատված, երկարաժամկետ քաղաքաշինական ծրագրերն անհրաժեշտություն են: Այդ բարդ և պատասխանատու ճանապարհը հնարավոր է անցնել միայն համատեղ ջանքերով՝ ճարտարապետ-շինարար գործակցությամբ՝ ունենալով նաև պետության աջակցությունը: Քաղաքաշինության կոմիտեն, ունենալով ձեր աջակցությունը, շարունակելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը:
Առանձնահատուկ նշում եմ մասնագիտական հանրությանը համախմբող Հայաստանի ճարտարապետների պալատի, մասնագետների նոր սերունդ կրթող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, Շինարարների միության ու Կառուցապատողների հայկական ասոցիացիայի գործընկերների բարձր և սերտ համագործակցությունը:
Սիրելի´ ճարտարապետներ, մաղթում եմ նորանոր հետաքրքիր գաղափարներ, դրանք կյանքի կոչելու, խաղաղ երկնքի տակ ստեղծագործելու հնարավորություններ, հայկական ճարտարապետության յուրահատուկ դիմագծի արժևորմամբ մասնագիտության զարգացմանը համընթաց քայլելու ներուժ»:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյան