Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացման նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է համատեղ ծրագիր Կորեայի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի հետ
Քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկում է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը։ Այդ նպատակով մարտի 6-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Կորեայի Հանրապետության «Գիտելիքի փոխանցման ծրագիրը» (Կորեայի Էքսիմբանկ) տրամադրելու է մոտ 300,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Հայաստանում շինարարության, շենքերի և շինությունների էներգաարդյունավետությունը բարելավելու նպատակով։ Կորեական կողմը ներգրավել է փորձագետներ, ովքեր ուսումնասիրելու են ՀՀ կանաչ քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքները, շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության ոլորտում առկա խնդիրները, մատնանշելու ոլորտի բարելավման հիմնական ուղենիշները և կորեական փորձը հաշվի առնելով՝ ներկայացնելու գործնական առաջարկներ։ Համապարփակ ուսումնասիրության արդյունքում կազմվելու է զեկույց։
«Կարևորելով կանաչ քաղաքաշինության սկզբունքների ներդրումը՝ վերջին տարիներին կոմիտեն իրականացրել է այս ուղղության զարգացմանը միտված տարբեր նախաձեռնություններ, սակայն անելիքներ դեռ շատ կան։ Այս ծրագիրը մեծ աջակցություն կլինի միջազգային փորձի ներդրման առումով և կօգնի մեծ ծավալի քաղաքաշինական ծրագրերի իրականացման պայմաններում ունենալ շրջակա միջավայրի վրա նվազ ազդեցությամբ կանաչ քաղաքաշինական միջավայր»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով Կորեայի Հանրապետությանը և Ասիական զարգացման բանկին աջակցության համար։
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ծրագիրը կարևորել է երկու առումով․ «ԱԶԲ-ն մեծ կարևորություն է տալիս այն ծրագրերին, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանն ու կանաչ շինարարությանը։ Մենք գիտենք, որ շինարարության ոլորտում բավական շատ են արտանետումները, և այս ծրագրով մեր համատեղ ջանքերը նպաստելու են Հայաստանում էներգաարդյունավետ շենքերի շինարարությանը։ Բացի այդ, սա բավական նոր բնագավառ է, ուստի շատ արդյունավետ կլինի Կորեայի հետ փորձի փոխանակումը»,-նշել է Դոն Լամբերտը:
Փորձագետների խմբի ղեկավար, Սանգմյունգի համալսարանի պրոֆեսոր Սունմյունգ Լին շեշտել է, որ սա գիտելիքի փոխանցման կարևոր ծրագիր է, որտեղ Հայաստանին կտրամադրվեն Կորեայի հաջողված նախագծերի օրինակները, և կաջակցեն ոլորտի զարգացման արդյունավետ քաղաքականության մշակմանը. «Չափանիշներ մշակելուց և հայկական կողմին փոխանցելուց բացի մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ Հայաստանում էներգաարդյունավետ շինարարության ոլորտը մեծ զարգացում ապրի, և հայաստանյան բազմաթիվ կառուցապատողներ այդ սկզբունքներով ակտիվ գործունեություն ծավալեն թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում: Կորեան նման զարգացման հասնելու մեծ ճանապարհ է անցել՝ կարևոր տեղ հատկացնելով արդեն իսկ հաջողություններ գրանցած գործընկերների հետ փորձի փոխանակմանը: Եվ այսօր մեր երկիրը կարողանում է մասնակցել միջազգային մեծ շինարարական նախագծերի իրականացմանը, նաև արտահանել իր փորձը»,-եզրափակել է Սունմյունգ Լին:
Հուշագրի ստորագրմանը հաջորդել է սեմինար, որին Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներից բացի մասնակցել են նաև Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները։ Ներկայացվել են ծրագրի շրջանակում նախատեսված հիմնական աշխատանքները, մասնավորապես՝ նախատեսվում է իրականացնել Հայաստանի կանաչ շինարարության ոլորտի համապարփակ գնահատում, վերլուծել գործող օրենսդրական, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը։ Բացի այդ, ոլորտի արդիականացման նպատակով տրամադրվելու է խորհրդատվություն, կազմակերպվելու են կարողությունների զարգացմանն ու լավագույն փորձի փոխանակմանն ուղղված սեմինարներ Հայաստանում և Կորեայում։
Լուսանկարներ՝ https://www.minurban.am/hy/photos/photos/Korea_hushagir