2022 թվականին Քաղաքաշինության կոմիտեի կատարողականը կազմել է 90 տոկոս
2022 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ. կատարողականը կազմել է 90 տոկոս: Այս մասին մայիսի 30-ին հայտնել է կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ Արմեն Ղուլարյանը նշել է, որ 117,5 մլն դրամ հատկացվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և տեղայնացման ծախսերի համար, ինչն իրացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերի համար հատկացվել է 277 մլն դրամ, ինչը նույնպես 100 տոկոսով իրացվել է: Այս գումարով մշակվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի 199 բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթեր և գլխավոր հատակագծեր:
Կապիտալ շինարարության ծրագրային ծախսերի համար հատկացվել է 14 մլրդ 916 մլն դրամ, ինչն իրականացվել է 90 տոկոսով: Կառավարվել են 96 շինարարական, 89 նախագծային աշխատանքներ, ընդհանուր առմամբ՝ 185 ծրագիր: Կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով: Կոմունալ ծախսերի տնտեսման արդյունքում տնտեսվել է 4,9 մլն դրամ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: