Շինարարի օրվա առթիվ ոլորտի մի խումբ մասնագետներ պարգևատրվել են
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ օգոստոսի 11-ին կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Մասնագիտական տոնի առթիվ շինարարներին շնորհավորել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ կապիտալ շինարարությունն այսօր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ շինարարության ներկա տեմպը կպահպանվի և կավելանա՝ որակական նոր հաջողությունների հասնելով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանձնել է մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները՝ Անանիա Շիրակացու մեդալ, ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀՀ վարչապետի շնորհակալագիր (պարգևատրվողների անունները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/08/11/Nikol-Pashinyan-11-08/):
Շինարարներին շնորհավորել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Անդրադառալով հանրապետությունում իրականացվող շինարարության ծավալներին՝ նա կարևորել է այն նախադրյալները, որ ստեղծում է կառավարությունը՝ ոլորտի շարունակական զարգացման համար՝ օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավումից մինչև գործընթացների թվայնացում, ընթացակարգերի պարզեցում: Խոսելով քաղաքաշինության բնագավառում կառավարության ծրագրերից՝ նա շեշտել է կառավարության հստակ մոտեցումը. կառուցել որակյալ՝ հետագա սերունդների համար, և նույնն ակնկալվում է յուրաքանչյուր շինարարից, նախագծողից, տեխնիկական վերահսկողից և փորձաքննողից:
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նույնպես հանձնել է պարգևներ: Բնագավառի ներկայացուցիչներին շնորհվել են «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար», «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալներ և կոմիտեի նախագահի շնորհակալագրեր։
Շնորհավորական խոսքով շինարարաներին ողջունել է նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա անդրադարձել է Երևանում իրականացվող ծրագրերին, միաժամանակ շեշտել ընթացքում առաջացող խնդիրներին տրվող երկարաժամկետ և ինստիտուցիոնալ լուծումների կարևորությունը:
Տիգրան Ավինյանը ոլորտի ներկայացուցիչներին հանձնել է «Արգիշտի Ա» և Էրեբունի Երևանի 2800-ամյակի հուշամեդալներ, շնորհել Երևանի քաղաքապետի պատվոգիր և «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչում:
Միջոցառման ավարտին գործընկերներին շնորհավորել է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը: Նա կարևորել է, որ վաստակաշատ շինարարների կողքին ոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, որոնք հնարավորություն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան կազմակերպելու և ղեկավարելու շինարարական տնտեսությունը:
Մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառի նվիրյալները պարգևատրվել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասարանի «Փառք շինարարին» ոսկե մեդալով:
Հայաստանում Շինարարի տոնը պաշտոնապես նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
Բոլոր լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/Shinarari_or_pargevatrum
Միջոցառման տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=LGTeqKNTQl4