Ամենօրյա հսկողություն՝ շինարարական ծրագրերի որակի ապահովման նպատակով
Կառավարության մայիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է քաղաքաշինական ծրագրերի որակի ուղղությամբ տարվող աշխատանքներով, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը զեկուցել է, որ կոմիտեն ամենօրյա հսկողություն է իրականացնում՝ ակտիվ աշխատելով մարզերի գործընկերների, մարզպետարանների հետ. «Հիմնականում աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում, օրինակ՝ երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում մարզպետարանի մեր գործընկերների հետ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շեղումներն այնպիսին են, որ հնարավոր չէ լուծում տալ, վերականգնել, և հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այդ մի մասնաշենքն ապամոնտաժվի: Շինարարն իր ուժերով ապամոնտաժել է և իր ուժերով պետք է իրականացնի այդ ապամոնտաժված հատվածի շինարարությունը»: Կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ որոշ տեղերում շինարարությանը զուգահեռ ուսումնասիրվում են նախագծային լուծումները՝ հնարավորինս ձգտելով բարելավել այն՝ նախորդող ժամանակահատվածի ընթացքում կուտակված փորձի հիման վրա. «Մեկ-երկու այդպիսի դեպքեր ունենք, որոնք պետք է ապամոնտաժվեն: Մեկն արդեն ապամոնտաժել ենք, հաջորդն առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը լինելուց հետո, կապամոնտաժենք: Մնացած տեղերում որակի լուրջ խնդիրներ չունենք, բոլորը շտկվող են, արձանագրվում են, կշտկենք, առաջ կգնանք առանց որակական լուրջ խնդիրների»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Ինչքան էլ հասկանում ենք, որ ցավալի է, որ այդ ապամոնտաժման գործընթացը ժամանակ է տանում, մեր պլանները հետ են ընկնում, բայց մենք պետք է սկզբունքային գտնվենք, որովհետև մեկ, երկու, երեք այդպիսի նախադեպերը նաև մեր հարգելի շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ այդպես պետք չի անել: Այսինքն՝ շահավետ չէ նաև իրենց համար այդպես վարվել: Իհարկե, հեշտ չի լինելու, ենթադրում եմ՝ տարբեր բողոքարկումներ կլինեն և այլն, կնկնենք երբեմն դատական պրոցեսների մեջ, որոնք հնարավոր է տարիներ տևեն, բայց կապ չունի, մենք պետք է այդ ճանապարհով գնանք»:
Գործադիրը նաև փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն: Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ պիլոտային եղանակով Ֆինանսների նախարարության գործընկերների, հասարակական կազմակերպությունների և լրագրողների հետ արդեն իսկ իրականացվել է երկու շրջայց, և Քաղաքաշինության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել իրականացնելու վերապատրաստման դասընթացներ:
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/05/23/Cabinet-meeting/
Տեսանյութ՝