Դասընթաց՝ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով
Քաղաքաշինության կոմիտեն մեկնարկել է դասընթացների շարք՝ քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով։ Մարզպետարանների և համայնքապետարանների ավելի քան 180 աշխատակից հնարավորություն ունեն խորությամբ ուսումնասիրելու քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը, որոնց առնչվում են իրենց գործունեության ընթացքում։
Ծրագրում ներառված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողամասի նպատակային նշանակության փոփոխության, փաստաթղթերի փորձաքննության, շինարարական նորմերի, սուբվենցիոն ծրագրերի փաթեթների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ։ Ներկայացվում են նաև քաղաքաշինության ոլորտի թվային հարթակները, կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգը, լիցենզավորման նոր ընթացակարգը, բնակֆոնդի հիմնախնդիրները և բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն առնչվող կարգավորումները։
Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված այս դասընթացների անցկացմանը կոմիտեի մասնագետներից բացի ներգրավվել են նաև պետական այլ գերատեսչությունների և ոլորտին առնչվող կառույցների ներկայացուցիչները։
Քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտներում կարողությունների զարգացմանը և համայնքների մասնագետներին խորհրդատվական օժանդակություն տրամադրելուն միտված դասընթացները կազմակերպվելու են մինչև օգոստոս՝ ներառելով ՀՀ բոլոր մարզերը։