Էդուարդ Խաչիյան. «Գիտությունն ազգություն և սահմաններ չի ճանաչում»
Նախագծողների համար «Մայր օրենք» հանդիսացող «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» նորմերի մշակման նախաձեռնող, ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը նշում է ծննդյան 90-ամյակը: Մասնագիտական կյանքը երկրաշարժադիմացկուն շինարարության հարցերին նվիրած ականավոր գիտնականը հեղինակել է ավելի քան 300 գիտական աշխատություն, գիրք, մենագրություն, հոդված, որոնք տպագրվել են տարբեր երկրների հեղինակավոր հանդեսներում:
Համաշխարհային գիտական հանրության համար Էդուարդ Խաչիյանը հեղինակություն է, ում գիտական կարծիքի հետ մասնագետները հաշվի են նստում: «Ինձ համար ամենամեծ գնահատականն այն է, որ գործըներներս իրենց հետազոտություններում վկայակոչում են իմ հաշվարկներն ու հրապարակումները: Գիտությունն ազգություն և սահմաններ չի ճանաչում»,-ընդգծում է տեխնիկական գիտությունների դոկտորը:
Է. Խաչիյանը կիրառական երկրաշարժագիտության և երկրաշարժադիմացկուն շինարարության, կառուցվածքների դինամիկայի և տատանումների տեսության բնագավառներում միջազգային մասշտաբով գիտնական է: Դեռ ԽՍՀՄ տարիներից և հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո նա մասնագիտացել է երկրաշարժագիտության բնագավառում՝ Հայաստանի անկախացումից հետո նոր եռանդով նվիրվելով երկրաշարժադիմացկուն շինարարության ազգային նորմերի մշակմանն ու հետագա կատարելագործմանը: Այդ ճանապարհին ուսումնասիրել է տարբեր երկրների օրինակներն ու մշակած նորմերը: «Երկրաշարժն, անկասկած, սարսափելի բնական երևույթ է, բայց գիտական տեսակնկյունից կարելի է երկրաշարժի հետ «համագործակցել», «պայքարել» և անգամ «հաղթել»,-այս համոզմունքն ունի ակադեմիկոսը:
Նրա ղեկավարությամբ 2020թ. արդիականացվել և սկզբունքորեն վերանայվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» նորմերը՝ առավել հստակ և արդիական պահանջներ առաջադրելով նախագծողներին: Գործող նորմերը հիմնարար նշանակություն ունեն՝ հանրապետությունում ընթացող մեծածավալ շինարարության, նաև կառավարության քաղաքաշինական մեծամասշտաբ ծրագրերի իրականացման պայմաններում նախագծվող կառույցների երկարակեցությունն ու ամրությունն ապահովելու համար:
Պրոֆեսոր Է. Խաչիյանը մասնակցել է հանրապետության տարածքում կառուցված խոշոր կամուրջների, կարևոր կառույցների ու բարձրահարկ շենքերի դինամիկական փորձարկումներին և գիտական հետազոտություններին: Նա գործընկերների հետ ներկայացրել է գոյություն ունեցող շենքերի ուժեղացման նոր գաղափարներ:
Գիտական գործունեությանը զուգահեռ Էդուարդ Խաչիյանը՝ որպես դասախոս և ամբիոնի վարիչ, իր փորձն ու գիտելիքը հաղորդել է նոր սերնդին:
Գիտության նվիրյալի վաստակը մշտապես բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Է. Խաչիյանն արժանացել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի, «Անանիա Շիրակացու» ՀՀ մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեդալի, 2021թ.՝ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալին, իսկ 2023թ. Շինարարի օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» հուշամեդալին: 2011 թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նրա «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրությունը 2003թ.-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Քեմբրիջի համալսարանի կենսագրական կենտրոնը 2009թ Է. Խաչիյանին ընդգրկել է ոլորտի «Առաջին 100 գիտնականների» ցանկում: Նա արժանացել է ԱՊՀ երկրների «Համագործակցության աստղեր» 2021թ. միջպետական մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Էդուարդ Խաչիյանին նաև պատվոգիր է փոխանցել Շինարարության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության միջկառավարական խորհուրդը:
Էդուարդ Խաչիյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի ակտիվ անդամ է, ով իր մասնագիտական կարծիքով աջակցում է ոլորտային հարցերի լուծմանը: Քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի շինարարների միությունը, Ճարարապետների պալատը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Կառուցապատողների հայկական ասոցիացիան շնորհավորում են Էդուարդ Խաչիյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ, գիտական նորանոր ձեռքբերումներ, առողջություն և ամենայն բարիք: