Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հանձնել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկա է գտնվել համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Գառնիի տաճարի բակում:
Շնորհավորելով շրջանավարտներին և հանձնելով ավարտական փաստաթղթերը՝ Արմեն Ղուլարյանը վստահություն է հայտնել, որ բուհում ստացած նրանց գիտելիքներն ամուր հիմք կլինեն աշխատաշուկայում առաջին քայլերը կատարելիս. «Հուսադրող է տեսնել այսքան շրջանավարտ և նրանց փոխարինելու եկող առաջին կուրսեցի, հատկապես, երբ հանրապետությունում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ շինարարական մեծածավալ ծրագրեր են իրականացվում: Այսօր և առաջիկա տարիներին հենց այս ոլորտի մասնագետներն են, թերևս, լինելու ամենապահանջվածը: Մեծ սպասելիքներ ունեմ, որ մասնագիտական ասպարեզում կհայտնվեն թարմ գաղափարներ, ներուժ ունեցող երիտասարդներ, ովքեր, պետական, թե մասնավոր ոլորտներում գործելով, կնպաստեն մեր երկրում քաղաքաշինության զարգացմանը»:
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանն իր շնորհավորական խոսքում վստահեցրել է, որ համալսարանն ուղեկից է լինելու շրջանավարներին և աջակցելու է մասնագիտական գործունեության ողջ ընթացքում:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ տնօրեն Վահե Պետրոսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (ԹԱԹՈՍ), Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Դիպլոմներ շնորհելու հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է համերգային ծրագրով։ Համալսարանն այս տարի ունեցել է 650 շրջանավարտ:
Լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/-1