Հստակեցվում են Քաղաքաշինության բնագավառում Կառավարության և Քաղաքաշինության կոմիտեի լիազորությունները
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այդպիսով հստակեցվում և ամբողջացվում է քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և Քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտա ոլորտում առավել արդյունավետ քաղաքականություն վարել:
Նախագծով կառավարությանը և կոմիտեին վերապահվող իրավասությունները վերաբերում են հետևյալ հիմնականում ուղղություններին․
- քաղաքաշինական և տարածքային պլանավորմանը, հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններին, գլխավոր հատակագծերի նախագծման, պետական համալիր փորձաքննությունների իրականացման կարգերին,
- նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերին, շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությանը, սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության պայմանների բարելավմանը, շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշներին,
- բնակարանային ֆոնդի հիմնախնդիրներին առնչվող պետական քաղաքականությանը,
- քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և մասնագետների գործառույթների հստակեցմանը, միասնական թվային ռեեստրների ստեղծմանը և վարկանիշավորմանը,
- կառուցապատման և ներդրումային ծրագրերի համակարգմանը, հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրերին և այլն։
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նաև հստակեցնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնահատկությունները, հատուկ կարգավորման տարածքների առանձնացման և այդ տարածքներում վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը:
Հարցը զեկուցելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ նախագծի ընդունումից հետո դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը կառավարությունը և կոմիտեն կընդունեն 2023-2024թթ: