Մոդուլային դպրոցների տիպարային նախագծերի կիրառման հարցը՝ գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգում
Քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր քննարկելու նպատակով տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը:
Հաշվի առնելով շինարարական ծրագրերի մեծ ծավալը՝ դիտարկվել է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2018թ. հաստատված «Մոդուլային դպրոցների տիպարային նախագծերի կատալոգի» նախագծերը 300 դպրոցի կառուցման ծրագրում կիրառելու հարցը՝ ըստ անհրաժեշտության վերափոխումներ կատարելով:
Խորհրդի անդամներն անդադարձել են նաև հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող տեղական ընկերությունների մտահոգություններին՝ կապված սպառման ծավալների նվազման հետ: Կառուցվածքային առանձնահատկություններից և շինարարական նորմերի պահանջներից ելնելով՝ կոնստրուկցիաների այդ տեսակի կիրառման շրջանակը սահմանափակ է: Նոր ուղղություններ գտնելու հնարավորությունները խորհուրդը կքննարկի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է խորհրդի կազմը համալրելուն: Նոր անդամներ կընդգրկվեն Կառուցապատողների հայկական ասոցիացիայից, քաղաքաշինության ոլորտի մասնագետներից: Նրանցից է քաղաքաշինության ոլորտում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Գագիկ Մարտիրոսյանը: Նիստի վերջում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Գագիկ Մարտիրոսյանին փոխանցեց «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալը, որով ավելի վաղ պարգևատրվել էր քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: