Պարզեցվում է կառուցապատման գործընթացը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում ի թիվս այլ հարցերի հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված <Լիցենզավորման մասին> ՀՀ օրենքի նախագծին:
“Նախագիծը միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը”,- հարցը ներկայացնելիս ընդգծեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Նախագծի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարեւորված բնակելի շինարարության խթանման եւ գործարար միջավայրի բարելավման պահանջով:
Նախագծով նախատեսվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարության եւ դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեություն։ Այդ օբյեկտներն են՝ գյուղական բնակավայրերում կառուցվող` 300 քառ մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող բնակելի տները, 150 քառ մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները, 1000 քառ մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քառ մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները, 100 քառ մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության շինությունները։
Նախատեսվող լրացման արդյունքում օբյեկտների շինարարական աշխատանքները տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի ու տեխնիկական հսկիչի ներգրավման իրականացնելիս՝ կտնտեսվեն հաշվարկված նախահաշվային արժեքի առնվազն 35 %-ը եւ տեխնիկական հսկիչին տրամադրվող գումարը։
Զուգահեռաբար, ի լրումն արդեն իսկ կիրառման մեջ դրված բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծերի, նախատեսվում է գործողության մեջ դնել նաեւ գյուղատնտեսական արտադրության ՓՄՁ օրինակելի նախագծերի կատալոգը, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի նախագծման առաջադրանք, նախագծային փաստաթղթերի պատվիրում եւ փորձաքննություն, իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։
Արդյունքում՝ կառուցապատողը կխնայի զգալի միջոցներ եւ ժամանակ՝ ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացի խթանմանը, միաժամանակ հանդիսանալով երկարաժամկետ տնտեսական աճի կարեւոր գրավական։