Քննարկվեցին ADB-ի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը դեկտեմբերի 10-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ADB) պատվիրակությանը` Վիկի Թանի գլխավորությամբ: Տիկին Ալավերդյանը գոհունակություն հայտնեց ADB-ի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի:
Քաղաքաշինության փոխնախարար Ռ. Ալավերդյանն առանձնացրեց գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր հատվածի փոխգործակցության զարգացմանն ուղղված այն ուղղությունները, որ իրականացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Մասնավորապես նշվեց շինթույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդման, բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգների, շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը եւ այլ խնդիրներին ուղղված ծրագրերի մասին: Նախարարության բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը ներկայացրեց բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանը, քանդման ենթակա շենքերից բնակիչների անվտանգ տեղափոխմանը, սոցիալական բնակարանների ներդրմանը նպատակաուղղված նախարարության ծրագրերը:
Տիկին Թանը տեղեկացրեց, որ ADB-ի օրակարգում է` մշակել Հայաստանի հետ համագործակցության առաջիկա 5 տարիների ռազմավարությունը, որի ուղենիշները ճշգրտելու նպատակով բանկի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում պետական մարմինների պատասխանատուների հետ: Նա նշեց, որ ADB-ն նպատակ ունի օժանդակել Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանը եւ այդ առումով կարեւորեց փոխգործակցությունը քաղաքաշինության ոլորտում:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Ա. Այվազյանը, մամլո քարտուղար Լ. Մարգարյանը, արտաքին կապերի բաժնի պետ Թ. Խաչատրյանը, քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ Ա. Հախումյանը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ Լայզա Սաբիրովան, Ադրիան Տորեսսը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` հնարավոր ծրագրերի ուղղությամբ: