Գիտաժողով` նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին
Հոկտեմբերի 6-9-ը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երևանում կկազմակերպվի ճարտարապետ, հնագետ, տեսաբան, միջնադարյան հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով:
Երիտասարդական միջազգային գիտաժողովը կրում է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագիրը:
Թորամանյանն առաջինն էր, ով դասակարգել ու բնութագրել է հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են հանդիսացել ուսումնասիրությունների համար:
Թորամանյանի 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա 1918 թվականին Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկու ջանքերով հրատարակվել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը` որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց արժանացել է համաշխարհային ճանաչման:
Գիտաժողովի մասնակցության հայտերն ընդունվում են ս/թ oգոստոսի 1-ից սեպտեմբերի 15-ը: Մասնակցության պայմաններին և հայտերին կարող եք ծանոթանալ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի` www.archmuseum.am կամ ՀՀ քաղաքաշինության նախարարության www.mud.am կայքէջի «Հայտարարություններ» բաժնում (http://mud.am/am/announcements/others):